Բարձրագույն մասնագիտական կրթության նպատակը բարձր մասնագիտական որակավորման կադրերի պատրաստումն ու վերաորակավորումն է, միջնակարգ ընդհանուր և միջին մասնագիտական կրթության հիմքի վրա անձի` կրթության զարգացման պահանջմունքների բավարարումը:
Հայաստանի Հանրապետության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգում սահմանվում են բարձրագույն ուսումնական հաստատությունների հետևյալ տեսակները.
1) համալսարան.
2) ինստիտուտ.
3) ակադեմիա.
4) կոնսերվատորիա և այլն:
Բարձրագույն ռազմական, ոստիկանական ուսումնական հաստատությունների գործունեության կարգը սահմանվում է օրենքներով։
Բարձրագույն ուսումնական հաստատության կարգավիճակը որոշվում է նրա կրթական ծրագրերով, կազմակերպական-իրավական ձևով, պետական հավատարմագրման առկայությամբ:
Հայաստանի Հանրապետությունում սահմանվում են բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման հետևյալ աստիճանները.
1) բակալավր.
2) դիպլոմավորված մասնագետ.
3) մագիստրոս:
Դիպլոմավորված մասնագետ պատրաստող բուհերի մասնագիտությունների ցանկը կրթության կառավարման պետական լիազորված մարմնի ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Բարձրագույն ուսումնական հաստատությունը, իր բնույթին համապատասխան և օրենքով սահմանված կարգով,կրթության պետական կառավարման մարմնի հետ համաձայնեցրած մասնագիտությունների գծով կարող է իրականացնել նաև հանրակրթական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր: