Ուկրաինան չի բացառում, որ կհարվածի Բելառուսի վրա

Ուկրաինան չի բացառում, որ Բելառուսի վրա կանխարգելիչ հարվածկհասցնի, քանի որ կան տարածքներ, որտեղ տեղակայված են ռուսական զորքերը, երեքշաբթի ասել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովը, փոխանցում է ТАСС լրատվական գործակալությունը։

«Ուկրաինա-24» հեռուստաալիքի եթերում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ուկրաինան կարող է կանխարգելիչ հարված հասցնել Բելառուսին, նա ասել է․«Անհրաժեշտության դեպքում, եթե Գերագույն գլխավոր հրամանատարը որոշում կայացնի դրա մասին»։

Բելառուսի զինված ուժերը չեն մասնակցում Ուկրաինայում ռազմական գործողություններին և չեն պատրաստվում դա անել ապագայում, երեքշաբթի հայտարարել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի Անվտանգության խորհրդի նիստում։

____________________

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել