««Շիրակ» թռչնաֆաբրիկան ձվի գինը իջեցրել է, «Լուսակերտը» փակվում է․ արդյո՞ք սա ազատ, թափանցիկ մրցակցության դրսևորում է»․ Թագուհի Թովմասյան

Աժ պատգամավոր Թագուհի Թովմասյանը խորհրդարանում հայտարարեց, որ «Շիրակ» թռչնաֆաբրիկան ձվի գինը իջեցրել է, հավկիթը վաճառվում է 30-35 դրամով, սակայն դրա արդյունքում տուժում են ավելի փոքր ընկերությունները։

«Ինձ քիչ առաջ տեղեկացրին, որ «Լուսակերտի» թռչնաֆաբրիկան Նոր Գեղի համայնքում այսօր բաժանելու է իր 8000 հավերը և փակվելու է։ 88 աշխատող մնում են անգործ։ Արդյոք սա ազատ, թափանցիկ մրցակցության դրսևորում է, երբ խոշոր ընկերությունը դեմպինգ (խմբ․-ապրանքների և ծառայությունների վաճառք` արհեստականորեն ցածր գներով) է անում և փոքր ընկերությունները դրանից խեղճանում են»,-հարց ուղղեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին պատգամավորը։

Նա նաև տեղեկացրեց, որ «Աշտարակ» ընկերությունը դիմել է այս հարցով հանձնաժողովին, սակայն մինչև հանձնաժողովը ուսումնասիրում է, ընկերություն է փակվում։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ի պատասխան նշեց, որ «Շիրակ» թռչնաֆաբրիկան չի կարող դեմպինգ անել․ «10 տոկոսին էլ մոտիկ չի իր ազդեցությունը։ Ասել ենք՝ ինչու է ձվի շուկայում այդպես։ Եթե շուկան ինքը չկայացավ, այսպիսի խնդիրներ լինելու են։ Շղթա է գործում․ մի սուպերմարկետում գինն իջնում է, առաքիչների միջոցով մյուս տնտեսվարողները ևս սկսում են գինը իջեցնել։ Չի կարող շուկայում 4-5 տոկոս ունեցող սուբյեկտը իրականացնի դեմպինգ»։

Փետրվարի 11-ին Իրավաբան․netհայտնել էր, որ Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը 5 միլիարդ դրամով գնել է «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն՝ ներկայացնելով նաև առաջիկա 5 տարիների ընթացքում լրացուցիչ 4.5 մլրդ. ներդրումային ծրագիր։ Այս ընկերությունը միակ հայտ ներկայացրածն է եղել հայտարարված մրցույթին։

Ըստ պետական ռեգիստրից ստացված տվյալների՝ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն 2019 թվականից ի վեր 100 տոկոս բաժնեմասով պատկանում է Նարեկ Նալբանդյանին։

«Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ՍՊԸ-ն-ի ֆեյսբուքյան էջի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ընկերությունը զբաղվում է նաև ձվի արտադրությամբ («Շիրակ» թռչնաֆաբրիկա)։

Լուսանկարում՝ «Գոլդեն Փելես» հյուրանոցի սեփականատեր Նարեկ Նալբանդյանը և ԱԺ պատագամավոր Թագուհի Թովմասյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել