Ինչպե՞ս են իրականացվում օդանավի որոնողափրկարարական աշխատանքները

Օդանավի կորչելու, վթարի ենթարկվելու կամ աղետալի իրավիճակում հայտնվելու դեպքերում կազմակերպվում են որոնման և փրկարարական աշխատանքներ՝ Չիկագոյի կոնվենցիայի համաձայն:

Հայաստանի Հանրապետության տարածքում օդանավի կորչելու, վթարի ենթարկվելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկությանն այլ վտանգ սպառնալու դեպքերում անհրաժեշտ որոնման և փրկարարական միջոցառումների իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Որոնման և փրկարարական ծառայությունն ապահովում է որոնողափրկարարական աշխատանքների իրականացումը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, ինչպես նաև հարակից տարածքներում (որոնման և փրկարարական շրջան)՝ համաձայն միջազգային պայմանագրերի:

Որոնման և փրկարարական շրջանում հիմնվում է Փրկարարական համակարգող կենտրոն: Որոնողական և փրկարարական աշխատանքների կազմակերպման նպատակահարմարությունից ելնելով՝ կարող են հիմնվել փրկարարական համակարգող ենթակենտրոններ:

Օդային երթևեկության սպասարկման միավորները տեղերում, ինչպես նաև բոլոր սերտիֆիկացված աերոդրոմները, որոնողափրկարարական աշխատանքների իրականացման ողջ ընթացքում հանդիսանում են որոնողափրկարարական ծառայության մաս և ապահովում են Փրկարարական համակարգող կենտրոնի կամ փրկարարական համակարգող ենթակենտրոնի պահանջած աջակցությունն ու տեղեկատվությունը:

Պետական, տեղական ինքնակառավարման մարմինները, օդանավի սեփականատերերը և շահագործողները, օդանավում, օդանավակայանում, աերոդրոմներում կամ այլ միջոցներով ավիացիոն ծառայություններ մատուցող անձինք պարտավոր են մասնակցել որոնողափրկարարական աշխատանքներին և մինչև որոնման և փրկարարական ուժերի ժամանումը միջոցներ ձեռնարկել մարդկանց փրկելու և նրանց անհետաձգելի բժշկական և այլ օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև տվյալ օդանավի և դրանում գտնվող փաստաթղթերի ու գույքի պահպանության ուղղությամբ: Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում նրանց կատարած համապատասխան ծախսերը հատուցում է օդանավը շահագործողը:

Որոնողափրկարարական ծառայությունները համագործակցում են պատահարը քննողների և պատահարից տուժած անձանց օգնություն ցուցաբերողների հետ: Պատահարի քննությանը նպաստելու նպատակով որոնողափրկարարական ծառայությանը հնարավորության դեպքում ուղեկցում են պատահարների քննության հարցերում իրազեկ անձինք:

Մինչև սահմանված կարգով նշանակված պատահարը քննող հանձնաժողովի ժամանումը, օդանավի ջարդված մասերը չպետք է տեղաշարժվեն ավելի, քան դա անհրաժեշտ է օդանավում գտնվողներին փրկելու կամ զոհվածների մարմինները տեղափոխելու համար:

Տեղաշարժված բոլոր առարկաները պահվում են պատահարի վայրում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել