Ուսուցիչների գնահատման արդյունքները․ Կրթության տեսչական մարմնի վերլուծությունը

Կրթության տեսչական մարմինը ներկայացրել է Դպրոցների կրթական գործընթացի որակի գնահատման արդյունքների համեմատական վերլուծությունը։

ՀՀ կրթության տեսչական մարմինը (այսուհետ՝ նաև ԿՏՄ) առաջնորդվելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման ու անցկացման մասին» ՀՀ օրենքի 3- րդ հոդվածի պահանջներով՝ ստուգումներ է իրականացնում ստուգաթերթերով, որոնք
ներառում են ՀՀ կրթության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների սպառիչ ցանկը՝ համապատասխան կշռային միավորներով:

Տեսչական մարմինն Իրավաբան.net-ին է տրամադրել վերլուծությունը, որից մանրամասներ ենք ներկայացնում։

Համաձայն 2020 թվականի գործունեության ծրագրի՝ նախատեսված էր ձևաթղթերը կիրառել ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված բոլոր դպրոցներում, սակայն, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված սահմանափակումների պատճառով այն կիրառվել է միայն 2020 թվականի I եռամսյակում ԿՏՄ ղեկավարի համապատասխան հրամաններով ստուգված ՀՀ Շիրակի մարզի Ամասիայի միջնակարգ, Գյումրու հ. 37 ավագ, Սառնաղբյուրի միջնակարգ, ՀՀ Արմավիրի մարզի Արևիկի միջնակարգ, Մուսալեռի Ֆ. Վերֆելի անվան միջնակարգ, ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավանի հիմնական, Երևանի Ալ. Շիրվանզադեի անվան հ. 21 հիմնական, հ.22 հիմնական և ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցներում (այսուհետ՝ նաև ուսումնական հաստատություն):

Կրթական գործընթացի գնահատման ընթացքում գնահատվել են կառավարման խորհրդի (այսուհետ՝ նաև խորհուրդ), տնօրենի գործունեությունը, «Հայոց լեզու», «Մաթեմատիկա» առարկաների ուսուցիչները, ուսումնական միջավայրը: Գնահատման համար կիրառվել է «Գերազանց», «Շատ լավ», «Լավ», «Բավարար», «Անբավարար» սանդղակը:

Ուսուցիչների գնահատումն իրականացվել է համաձայն հետևյալ բնութագրիչների՝

ուսուցչի դասավանդած դասարաններում սովորողների առաջադիմության աճի կամ նվազման դինամիկան (համեմատվում են նախորդ երկու կիսամյակների ցուցանիշների տոկոսային թվերը).

ավարտման ցուցանիշ՝ ըստ կրթական աստիճանների (հիմք են ընդունվել նախորդ ուստարում ուսուցչի դասավանդած դասարաններում սովորողների՝ տվյալ առարկայի ավարտական և պետական ավարտական քննությունների արդյունքները).

ստուգման ընթացքում տրված գրավոր աշխատանքների արդյունքներ (գնահատումն իրականացվել է ըստ «Անբավարար» ստացած սովորողների տոկոսային թվի).

առարկայի որակի ցուցանիշը (համեմատվել են ստուգման ընթացքում տրված գրավոր աշխատանքից «Լավ» և «Գերազանց» գնահատականը պահպանած սովորողների և նախորդ կիսամյակում «Լավ» և «Գերազանց» գնահատական ստացած այն դասարանների սովորողների միջին տոկոսային թվերը, որտեղ դասավանդել է տվյալ ուսուցիչը).

տվյալ ուսուցչի աշակերտների հաջողությունները այդ առարկայի օլիմպիադաներից (մարզային, հանրապետական, միջազգային).

ուսուցչի գիտամանկավարժական գործունեությունը (գիտական, մանկավարժական հոդվածների առկայություն).

– ուսուցչի մասնագիտական ակտիվությունը (կրթական կոնֆերանսներին, համաժողովներին, ծրագրերին մասնակցություն):

Ուսուցիչները գնահատվել են գնահատման հետևյալ սանդղակով. 150-135 միավոր՝ «Գերազանց», 134-107՝ «Շատ լավ», 106-66 ՝ «Լավ», 65-30՝ «Բավարար», մինչև 30՝ «Անբավարար»:

Հայոց լեզվի ուսուցիչների գնահատման արդյունքներ

Հայոց լեզվի ուսուցիչների գնահատման արդյունքում ամենաբարձր միջին ցուցանիշը գրանցվել է Բյուրեղավանի հիմնական դպրոցում (98.75), իսկ ամենացածրը՝ Մուսալեռի միջնակարգ դպրոցում (55,5): Գնահատման արդյունքներն (ըստ դպրոցների) դիագրամների տեսքով ներկայացված են գծապատկեր 7-ում:

Ուսուցիչների գնահատման արդյունքում ունենք հետևյալ պատկերը.

նախորդ ուստարում բոլոր ուսուցիչների դասավանդած դասարաններում «Լավ» (7-8) և «Գերազանց» (9-10) առաջադիմությամբ սովորողների տոկոսային թիվը կազմել է 50%-ից բարձր (բարձր ցուցանիշ) Երևանի հ. 21, հ.22, Բյուրեղավանի հիմնական, Սառնաղբյուրի ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան ավագ, Գյումրու թիվ 37 ավագ դպրոցներում: Այս ցուցանիշը ոչ բոլոր ուսուցիչների մոտ է կազմել 50%-ից բարձր` Ամասիայի միջնակարգ դպրոցում: Նշված ցուցանիշը կազմել է 40%-50% (միջին ցուցանիշ) Մուսալեռի միջնակարգ դպրոցում, մինչև 39% (ցածր ցուցանիշ)՝ Արևիկի միջնակարգ դպրոցում:

– Ցածր (4-6) առաջադիմությամբ սովորողների տոկոսային թիվը նախորդ երկու կիսամյակներից առաջինի նկատմամբ նվազել է Գյումրու թիվ 37 ավագ դպրոցում, ընդհանուր առմամբ նվազել է՝ Երևանի հ. 22 հիմնական, Մուսալեռի միջնակարգ դպրոցներում, աճել է՝ Երևանի հ. 21 հիմնական, ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան ավագ, Սառնաղբյուրի միջնակարգ դպրոցներում, ընդհանուր առմամբ աճել է Բյուրեղավանի հիմնական, Արևիկի, Ամասիայի միջնակարգ դպրոցներում:

– «Հայոց լեզու» առարկայի ավարտական քննությունից «Անբավարար» ստացածսովորողներ են  եղել Բյուրեղավանի, Երևանի հ. 21 հիմնական դպրոցներում, պետական ավարտական քննությունից՝ Գյումրու թիվ 37, ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցներում:

– Ստուգման ընթացքում տրված թելադրությունից ուսուցիչների դասավանդած դասարաններում «Անբավարար» ստացած սովորողների տոկոսային թիվը կազմել է մինչև 30% Բյուրեղավանի հիմնական, Սառնաղբյուրի միջնակարգ դպրոցներում, մինչև 40%՝ Երևանի հ. 21, հ.22 հիմնական, Ամասիայի, Արևիկի միջնակարգ, Գյումրու թիվ 37 ավագ, 41%-ից ավելի՝ Մուսալեռի միջնակարգ, ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցներում: Ըստ ուսուցիչների գնահատման հավելվածի՝ ուսուցիչների դասավանդած դասարաններում ԿՏՄ կողմից տրված գրավոր աշխատանքների արդյունքում «Անբավարար» ստացած սովորողների տոկոսային թիվը մինչև 30% կազմելը համարվել է բարձր ցուցանիշ, 31%-40%-ի դեպքում՝ միջին ցուցանիշ, 41%-ից մեծ լինելու դեպքում՝ ցածր ցուցանիշ:

– Ստուգման ընթացքում տրված բոլոր գրավոր աշխատանքներից «Լավ» և «Գերազանց» գնահատականը պահպանած սովորողների միջին տոկոսային թիվը նախորդ կիսամյակում «Լավ» և «Գերազանց» գնահատված սովորողների միջին տոկոսային թվի նկատմամբ (որտեղ տրվել են գրավոր աշխատանքներ և դասավանդել են նշված մասնագետները) աճել է Բյուրեղավանի հիմնական, Սառնաղբյուրի միջնակարգ դպրոցներում, նվազել է՝ Գյումրու թիվ 37, ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան ավագ, Երևանի հ. 22 հիմնական, Արևիկի, Ամասիայի միջնակարգ դպրոցներում:

– «Հայոց լեզու» առարկայի ուսուցիչների դասավանդած դասարանների սովորողներից օլիմպիադաների տարածքային փուլին մասնակցած սովորողները մարզային փուլ չեն անցել Բյուրեղավանի հիմնական դպրոցում: Մարզային փուլ են անցել, սակայն հաջողություն չեն ունեցել՝ Երևանի հ. 21, հ. 22 հիմնական, Արևիկի միջնակարգ, ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվանավագ դպրոցներում, մարզային փուլու մ հաջողություն են ունեցել՝ Գյումրու թիվ 37 ավագ, Սառնաղբյուրի միջնակարգ դպրոցներում: Տարածքային, հետևաբար նաև մարզային փուլի մասնակիցներ չեն եղել Մուսալեռի և Ամասիայի միջնակարգ դպրոցներում:

– Գիտամանկավարժական հոդված ունեցող ուսուցիչներ կան Երևանի հ. 21, Բյուրեղավանի հիմնական, Սառնաղբյուրի, Արևիկի միջնակարգ, Գյումրու թիվ 37, ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցներում:

– Ուսուցիչները մասնակցել են կրթական ծրագրերի, կոնֆերանսների, համաժողովների Երևանի հ. 21 հիմնական, Արևիկի միջնակարգ, ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցներում:

Հայոց լեզվի ուսուցիչների գնահատման միջին արդյունքները հիմնականում «Շատ լավ», և «Լավ» են. որոշ դպրոցների դեպքում նկատելի է ուղղակի կապ հայոց լեզվի ուսուցիչների գնահատման և սովորողների հայոց լեզվի թելադրության արդյունքների միջև (Բյուրեղավանի հ/դ, Սառնաղբյուրի մ/դ, ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան ա/դ, Մուսալեռի մ/դ): Հայոց լեզվի ուսուցիչների գնահատման արդյունքների համեմատման և նորմավորման արդյունքում ստացել ենք հետևյալ պատկերը (տե՛ս գծապատկեր 8).

Մաթեմատիկայի ուսուցիչների գնահատման արդյունքներ

Մաթեմատիկայի ուսուցիչների գնահատման արդյունքում ամենաբարձր միջին ցուցանիշը գրանցվել է Երևանի ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցում (90,00), իսկ ամենացածրը՝ Մուսալեռի միջնակարգ դպրոցում (27,50): Գնահատման արդյունքները դիագրամի տեսքով ներկայացված են գծապատկեր 9-ում:

Մաթեմատիկայի ուսուցիչների գնահատման արդյունքում ունենք հետևյալ պատկերը.

նախորդ ուստարում բոլոր ուսուցիչների դասավանդած դասարաններում «Լավ» (7-8) և «Գերազանց» (9-10) առաջադիմությամբ սովորողների տոկոսային թիվը կազմել է 50%-ից բարձր Գյումրու թիվ 37 ավագ, Երևանի հ.22 հիմնական դպրոցներում: Այս ցուցանիշը որոշ դպրոցների ուսուցիչների մի մասի մոտ կազմել է 50 %-ից բարձր, մյուս մասի մոտ՝ միջին և ցածր (40-50 %, 39%). դրանք են՝ ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան ավագ (50%, 39%), Բյուրեղավանի հիմնական (40-50%, 39%), Երևանի հ. 21 հիմնական (40-50%, 39%), Սառնաղբյուրի միջնակարգ (50 %, 39 %) դպրոցները: Ամասիայի միջնակարգ դպրոցում նշված ցուցանիշը կազմել է 40%-50%, Մուսալեռի և Արևիկի միջնակարգ դպրոցներում՝ մինչև 39%:

ցածր (4-6) առաջադիմությամբ սովորողների տոկոսային թիվը նախորդ երկու կիսամյակներից առաջինի նկատմամբ նվազել է Երևանի հ. 22 հիմնական, Սառնաղբյուրի միջնակարգ, Գյումրու թիվ 37 ավագ դպրոցներում, ընդհանուր առմամբ նվազել է՝ Ամասիայի միջնակարգ դպրոցում, աճել է՝ Երևանի հ. 21 հիմնական, ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցներում, ընդհանուր առմամբ աճել է Բյուրեղավանի հիմնական, Արևիկի, Մուսալեռի միջնակարգ դպրոցներում:

«Մաթեմատիկա» առարկայի ավարտական քննությունից «Անբավարար» ստացած սովորողներ եղել են միայն Բյուրեղավանի հիմնական և Սառնաղբյուրի միջնակարգ դպրոցներում:

Ստուգման ընթացքում տրված գրավոր աշխատանքից ուսուցիչների դասավանդած դասարաններում «անբավարար» ստացած սովորողների տոկոսային թիվը կազմել է մինչև 30% (բարձր ցուցանիշ) Երևանի հ. 21 հիմնական դպրոցներում, մինչև 40% (միջին ցուցանիշ)՝ ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան ավագ, Սառնաղբյուրի միջնակարգ, 41%-ից ավելի՝ Երևանի հ. 22 հիմնական, Բյուրեղավանի հիմնական, Ամասիայի, Արևիկի, Մուսալեռի միջնակարգ, Գյումրու հ. 37 ավագ դպրոցներում:

– Ստուգման ընթացքում տրված բոլոր գրավոր աշխատանքներից «Լավ» և «Գերազանց» գնահատականը պահպանած սովորողների միջին տոկոսային թիվը նախորդ կիսամյակում «Լավ» և «Գերազանց» գնահատված դասարանների սովորողների միջին տոկոսային թվի նկատմամբ նվազել է՝ բոլոր 9 դպրոցներում:

«Մաթեմատիկա» առարկայի օլիմպիադայի տարածքային փուլին մասնակցել են, սակայն մարզային փուլ չեն անցել Բյուրեղավանի հիմնական, Արևիկի և Ամասիայի միջնակարգ դպրոցների գնահատված ուսուցիչների դասավանդած դասարանների սովորողները: Մարզային փուլում հաջողություն են ունեցել Գյումրու թիվ 37 ավագ, Երևանի հ. 21 հիմնական, Սառնաղբյուրի միջնակարգ դպրոցների գնահատված ուսուցիչների սովորողները: Տարածքային, հետևաբար նաև մարզային փուլի մասնակիցներ չեն ունեցել ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան ավագ, Մուսալեռի և Ամասիայի միջնակարգ դպրոցները:

Գիտամանկավարժական հոդված ունեցող ուսուցիչներ կան Բյուրեղավանի հիմնական, Սառնաղբյուրի, Արևիկի միջնակարգ, ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցներում:

Ուսուցիչները մասնակցել են կրթական ծրագրերի, կոնֆերանսների, համաժողովների Սառնաղբյուրի, Արևիկի միջնակարգ, ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցներում: Մաթեմատիկայի ուսուցիչների գնահատման արդյունքների համեմատման և նորմավորման արդյունքում ստացել ենք հետևյալ պատկերը (տե՛ս գծապատկեր 10).

Մաթեմատիկայի ուսուցիչների գնահատման արդյունքում 50 %-ից ավելի դպրոցներում գրանցվել է «Բավարար» (Բյուրեղավանի հ/դ, Երևանի հ.22 հ/դ, Արևիկի մ/դ, Ամասիայի մ/դ,) և «Անբավարար» ( Մուսալեռի մ/դ) ցուցանիշները, ինչն էապես կարող է ազդել մաթեմատիկայի ուսուցման որակի վրա: Ուսուցիչների գնահատման և սովորողների գրավոր առաջադրանքների արդյունքները միջին ցուցանիշներով բոլոր դպրոցներում համապատասխանում են, բացառությամբ Գյումրու հ.37 ավագ դպրոցի, որտեղ սովորողների գրավոր աշխատանքների միջին գնահատականը 3.8 է («Անբավարար»), իսկ ուսուցիչների գնահատման միջին արդյունքը՝ 75.5 («Շատ լավ»): Չնայած ուսուցիչները գնահատման արդյունքում հիմնականում գրանցել են միջինից բարձր արդյունքներ, այնուամենայնիվ, դպրոցները պարտավոր են նպաստել նրանց ինքնազարգացմանն ու մասնագիտական աճին՝ պայմանավորված նրանց անհատական մասնագիտական կարիքներով և սովորողների մնացորդային գիտելիքների ստուգման արդյունքներով, իսկ Մուսալեռի դպրոցում այս խնդիրն ավելի հրատապ է՝ կախված թե՛ ուսուցիչների գնահատման, թե՛ սովորողների մնացորդային գիտելիքների ստուգման արդյունքներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել