Խաղողի հյութը և խաղողի խտացված հյութը չեն կարող օգտագործվել գինենյութի ստացման համար կամ ավելացվել գինենյութին և չեն կարող ենթարկվել սպիրտային խմորման: Այս կանոնը չի տարածվում թորման հետևանքով ստացված գինեգործական արտադրանքի վրա, որը չի նախատեսվում գինու և հայկական կոնյակի արտադրության մեջ օգտագործելու համար:
Արգելվում է գինի պատրաստել խաղողի կնճեռից, գինու նստվածքից կամ դրանց թորումից ստացված սպիրտներից:
Կնճեռագինին կարող է օգտագործվել միայն թորման նպատակով:
Արգելվում է կարմիր կամ վարդագույն գինի պատրաստել սպիտակ և կարմիր գինիների տարախառնումից: Այս դրույթը չի տարածվում խաղողի բուրավետացված գինիների վրա:
Այլ երկրներից ներկրված թարմ խաղողը, խաղողի քաղցուն, խտածո քաղցուն և սպիրտի օգնությամբ պահածոյացված քաղցուն չեն կարող օգտագործվել աշխարհագրական նշումով գինիների արտադրության մեջ կամ ավելացվել այդ գինիների արտադրման համար անհրաժեշտ գինեգործական արտադրանքին:
Այլ երկրներից ներմուծված գինենյութերի տարախառնումը Հայաստանի Հանրապետությունում արտադրված գինենյութերի հետ թույլատրվում է միայն սովորական գինիների արտադրության համար նախատեսված գինենյութերի հետ:
Արգելվում է գինուն և գինենյութերին ավելացնել սպիրտ, բացառությամբ թարմ խաղողից խմորված քաղցուն սպիրտով պահածոյացնելու, հատուկ, խաղուն, մարգարտային և բուրավետացված գինիների արտադրության:
Աշխարհագրական նշումով գինիներն արտադրվում և շշալցվում են միայն տվյալ խաղողագործական տարածաշրջանում կամ միկրոշրջանում: