«Գերմանիայում կամ որևէ այլ երկրում ապաստան հայցելու մասին լուրը կեղծ է»․ Ռուբեն Մելիքյանի պարզաբանումը՝ մանկապարտեզներից մեկում երեխային ենթադրյալ բռնության ենթարկման դեպքի մասին

ՀՀ նախկին ՄԻՊ, «Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է վերջին օրերին մամուլի հրապարակումներում տեղ գտած այն դեպքի մասին, ըստ որոնց, Երևանի մանկապարտեզներից մեկում երեխայի են բռնության ենթարկել, խոշտանգել։

«Մի քանի օր է, ինչ հայկական ֆեյսբուքը հերթական անգամ դատավորի դեր է ստանձնել ու ողջ ուժով դատափետում է «պակիստանցի կնոջը»՝ իր բալիկի հանդեպ մանկապարտեզում բռնություն ու ստորացուցիչ վերաբերմունք դրսևորելու մասին իբր կեղծ ահազանգ հնչեցնելու համար՝ իբր «Գերմանիայում ապաստան ստանալու նպատակով»։

Արշավին միացել են նաև իմ կողմից հարգված մարդիկ, ոստի խղճիս առջև չմեղանչելու նպատակով պարտավոր եմ ինձ հայտնի մի քանի հանգամանք ներկայացնել։ Աղբյուրը մայրն է, որն ինձ հետ զրուցել է դեռ մոտ երկու ամիս առաջ։

Նախ, երեխայի մայրը հայ է, հայրը՝ պակիստանցի։ Նրանք ամուսնալուծված են, և հայրը, որ այլևս Հայաստանում չի բնակվում, փորձում է դատական կարգով երեխաների խնամակալությունը մորից վերցնել իրեն։

Երկրորդ, վերը նշված փաստի ուժով մայրը ԲԱՑԱՐՁԱԿ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ՉԻ ԵՂԵԼ քրգործի հանգամանքների հրապարակայնացմամբ։ Նա՛ չէ լուրը փոխանցել լրատվականներին։

Երրորդ, իրավապահների մոտ հաղորդումը գրել է մայրը՝ երեխայի պատմածի հիման վրա՝ Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունում բողոքելուց հետո։ Հենց այդ վարչությունից են խորհուրդ տվել (և սխալ չեն արել), որ դիմի ոստիկանություն։

Չորրորդ, Գերմանիայում կամ որևէ այլ երկրում ապաստան հայցելու մասին լուրը ԿԵՂԾ Է։

Հինգերորդ, այսպիսի զգայուն դեպքերը շատ մեծ նրբանկատություն են պահանջում։ Պե՛տք չի վաղաժամ դատափետել ոչ մի կողմի։ Թո՛ղ քննությունը պարզի եղելությունը՝ իրակա՞ն է բալիկի պատմածը, թե՞ ֆանտազիայի արդյունք։ Կան մասնագետներ, որոնք պետք է աշխատեն և եզրակացություն տան։

Վեցերորդ, երկու երեխաների միայնակ ու անպաշտպան մայրը վերջին օրերին ենթարկվել է չափազանց մեծ ճնշման – միայն այն պատճառով, որ համարձակվել է ընթացք տալ իր երեխայի պատմած ահավոր պատմությանը։ Բա ի՞նչ աներ, հարգելի դատավորներ։ Ի՞նչ աներ այդ կինը։

Յոթերորդ, պետք է պարզել՝ ով է հրապարակել այս լուրը։ Դա պարզապես անընդունելի է։ Դրա պատճառով թիրախավորվել են թե՛ երեխան, թե՛ մայրը, և թե՛ մանկապարտեզն ու դաստիարակը։

ՀԳ. Գիտեմ, որ այս մարդկանց հրապարակավ պաշտպանելով՝ շատերի քննադատությանը կարժանանամ։ Բայց ինձ դա քիչ է հուզում. կարևորն այն է, որ խիղճս չի տանջի ու հայելու մեջ նայելիս ամոթ չեմ զգա։

Սթափվե՛նք ու դուրս գանք «դատավորի պատմուճանից»։ Չէ՞ որ կարող ենք սխալված լինել՝ փաստերին չտիրապետելով ու մանիպուլյացիաների ենթարկվելով։ Չէ՞ որ երեխայի հարց է»,-նշել է Մելիքյանը։

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով հարուցված քրեական գործով քննություն է տարվում՝  երեխայի նկատմամբ առերևույթ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով 2022թ. հունվարի 31-ին՝ քաղաքացին ՀՀ ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել այն  մասին, որ 2016 թվականին ծնված դուստրը 2019-2021 թվականների ընթացքում հաճախել է Երևան քաղաքում գործող մանկապարտեզ և այնտեղ երեխայի հոր՝ ազգությամբ պակիստանցի լինելու հանգամանքով պայմանավորված, նրա նկատմամբ դրսևորվել է դաժան վերաբերմունք:

Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Հիշեցնենք նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դեպքի վերաբերյալ նշել է․

Երևանի մանկապարտեզներից մեկում երեխայի նկատմամբ վատ վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ հրապարակումից անմիջապես հետո, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, աշխատակազմի Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցներն այցելել են այդ մանկապարտեզ:

Տեղի են ունեցել առանձնազրույցներ աշխատողների և տնօրինության հետ:

Օրվա ընթացքում նախաձեռնվել են բազմակողմանի մասնագիտական քննարկումներ Երևանի քաղաքապետարանի հետ:

Պաշտպանի աշխատակազմը նաև կապի մեջ է երեխայի ծնողի հետ։

Երեխայի մասին տվյալներ լուսաբանելիս հատուկ ուշադրություն պետք է դարձվի յուրաքանչյուր երեխայի անձնական կյանքի գաղտնիությանը»:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել