Հարուցվել է քրեական գործ` երեխայի նկատմամբ առերևույթ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով հարուցված քրեական գործով քննություն է տարվում՝  երեխայի նկատմամբ առերևույթ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Նախնական տվյալներով 2022թ. հունվարի 31-ին՝ քաղաքացին ՀՀ ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել այն  մասին, որ 2016 թվականին ծնված դուստրը 2019-2021 թվականների ընթացքում հաճախել է Երևան քաղաքում գործող մանկապարտեզ և այնտեղ երեխայի հոր՝ ազգությամբ պակիստանցի լինելու հանգամանքով պայմանավորված, նրա նկատմամբ դրսևորվել է դաժան վերաբերմունք:

Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Ինչպես արդեն հայտնել ենք, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դեպքի վերաբերյալ նշել է․

Երևանի մանկապարտեզներից մեկում երեխայի նկատմամբ վատ վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ հրապարակումից անմիջապես հետո, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, աշխատակազմի Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցներն այցելել են այդ մանկապարտեզ:

Տեղի են ունեցել առանձնազրույցներ աշխատողների և տնօրինության հետ:

Օրվա ընթացքում նախաձեռնվել են բազմակողմանի մասնագիտական քննարկումներ Երևանի քաղաքապետարանի հետ:

Պաշտպանի աշխատակազմը նաև կապի մեջ է երեխայի ծնողի հետ։

Երեխայի մասին տվյալներ լուսաբանելիս հատուկ ուշադրություն պետք է դարձվի յուրաքանչյուր երեխայի անձնական կյանքի գաղտնիությանը»:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել