Պաշտպանության փոխնախարարը՝ զինվորին բռնության ենթարկելու դեպքի մասին

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր՝ փետրվարի 3-ին, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Կապանի զորամասերից մեկում զինվորին բռնության ենթարկելու դեպքին, նշելով, որ հստակ տեղեկություն կա միայն այն մասին, որ զինվորը զորամասն ինքնակամ լքել է:

«Սկսվել է քննություն: Գնահատական կտրվի նաև այն հանգամանքին, թե ինչն էր պատճառ հանդիսացել զորամասն ինքնակամ թողնելուն: Տարիներ շարունակ մենք նման բան չէինք լսել, որ այսպիսի խնդիրներ կան, եթե կա, այն լրիվ, օբյեկտիվ քննության շրջանակներում ուսումնասիրության առարկա կդառնա»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ իրենց համար ձեռնտու է, որ բոլոր հանգամանքերն ի հայտ գան և Պաշտպանության նախարարից սկսած՝ բոլորն ուզում են, որ իրականությունը պարզվի:

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտնել էր, որ նորակոչիկի հարազատները նշել են՝ վերջինս բանակ է զորակոչվել հունվարի 31-ին, փետրվարի 1-ի առավոտյան նրան և ևս երկու զինվորի ստիպել են մաքրություն իրականացնել, իրենք հրաժարվել են, որի արդյունքում ծեծել են, թույլ չեն տվել ճաշարանից օգտվել, քնել, ջուր խմել և այլն: Զինվորը կապ է հաստատել հարազատների հետ, պատմել հանգամանքները, որից հետո զինվորի հետ կապը կորել է․ վերջինս փախուստի է դիմել, իսկ ծեծի մասին ահազանգել է 2-րդ զինվորը։ Հարազատները պատմել են նաև, որ ՊՆ-ն և տվյալ զորամասի հրամանատարական կազմը ներողություն են խնդրել իրենցից, ընդունել են, որ տարածքում մաքրություն անելու պարտադրանք եղել է, իրենց խոսքով, մեկ անգամ խփել են զինվորին, բայց սանհանգույցի մաքրության մասին խոսք չի գնացել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել