Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարություն են տարածել, որում նշվում է.
«Հատուկ ի գիտություն Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի տեղեկացնում ենք, որ ԱԺ կանոնակարգ Սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի համաձայն.
Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է «Հայաստան» խմբակցությանը:
Թեկնածու առաջադրելու իրավունքը պահպանվում է մինչև Ազգային ժողովի լիազորությունների ավարտը:
Հանձնաժողովի նախագահի տեղակալն ընտրվում է իրավասու խմբակցության ղեկավարի կամ քարտուղարի առաջադրմամբ՝ հանձնաժողովի որոշմամբ:
Հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունն անցկացվում է հանձնաժողովի կազմը հաստատվելուց, ինչպես նաև նրա պաշտոնը թափուր մնալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
Հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու առաջադրելու խմբակցության իրավունքն անցնում է իշխող ուժին, եթե խմբակցությունը Կանոնակարգով սահմանված ժամկետում հանձնաժողովի տեղակալի՝ իրեն վերապահված թափուր պաշտոնում թեկնածու չի առաջադրում:
«Ազգային ժողովի կանոնակարգ» Սահմանադրական օրենքի 8-րդ և 9-րդ, ինչպես նաև վկայակոչված հոդվածով սահմանված պահանջներին համապատասխան, «Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կազմավորումից հետո իր որոշմամբ առաջադրել է թեկնածու և չի հրաժարվել այդ իրավունքից: «ԱԺ կանոնակարգ» Սահմանադրական օրենքով «Հայաստան» խմբակցությունը չունի իր առաջադրումը (Ա. Ղազինյանի թեկնածությունը) շարունակաբար գրավոր վերահաստատելու որևէ պարտավորություն:
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ս.թ. նոյեմբերի 30-ին ԱԺ հետ համատեղ ընդունած հայտարարությամբ վերահաստատել են այդ պաշտոնում առաջադրված Ա. Ղազինյանի թեկնածությունը պաշտպանելու իրենց անփոփոխ որոշումը:
Ամփոփելով արձանագրենք՝ ՔՊ խմբակցությունը, կոպտորեն խախտելով ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի պահանջները, անթաքույց իրականացնում է հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը զավթելու փորձ:
Նույնիսկ հանձնաժողովի նախագահի տեղակալի նման կարգավիճակի պայմաններում քաղաքական իշխանությունը ցույց է տալիս իր հակաժովրդավարական, հակօրինական և անհանդուրժող էությունը»,- նշված է հայտարարության մեջ: