Ստի մասով դուք կարող եք աշխարհի առաջնությանը մասնակցել. բանավեճ ՔՊ-ականի և ընդդիմադիրների միջև

Ազգային ժողովի նիստին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադարձավ ՏԻՄ  ընտրություններին և դիմելով Վահագն Ալեքսանյանին ասաց, որ այս 30 տարիների ընթացքում կուսակցություններ են եղել, որոնք ինչ-որ պահի շատ ձայներ են հավաքել, բայց այս պահին նրանք չկան և հորդորեց պատգամավորին ձեռնպահ մնալ ընտրությունների արդյունքները հրապարակելու հռետորաբանությունից:

«Չեմ կարող չարձանագրել, որ Վարդենիսում հավանաբար ոչ բաղձալի արդյունք գրանցելուց հետո, մեկ էլ հանկարծ քրեական գործ է հարուցվում ընդդիմադիր ուժերից մեկի ղեկավարի նկատմամբ, որը հավաքել էր ձայների մեծամասնությունը»,- նշեց պատգամավորը և Վարդենիսում տեղի ունեցածը որակեց որպես հանցագործություն՝ երկրի և սերունդների նկատմամբ:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը արձագանքելով պատգամավորին, ասաց.

«Երբ ասում եք որ, կային կուսակցություններ, որոնք խոսում էին տոկոսների ու թվերի լեզվով, Ձեր գործընկեր Տիկին Կյուրեղյանն էր, որ երեկ մոտեցավ ամբիոնին և խոսեց թվերից: Պարո՛ն Խաչատրյան, Դուք ներկայացնում եք կուսակցություն և երբ գալիս եք այստեղ և խոսում մեր կուսակցության հավաքած քվեներից, որոնք ի դեպ բոլոր ՏԻՄ ընտրությունների համագումարով 50,2 տոկոս է՝ պարզ մեծամասնություն, պետք է նաև խոսեք Ձեր թվերից, որը 3,6 տոկոս է: Համեմատեք դա նախորդ խորհրդարանական ընտրություններում Ձեր հավաքած  21 տոկոսի հետ և տեսեք այդքան բաղձալի թրենդը: Ինչ վերաբերվում է Վարդենիսի դեպքերին, պարո՛ն Խաչատրյան, Ձեր նշած ուժի ներկայացուցիչը 2018 թվականից անցնում է քրեական գործով, ինչը շատ հատուկ է այսօրվա ընդդիմադիրներին՝ պաշտոնական դիրքի չարաշահման և խոշոր չափերի յուրացումների մասով»,- ասաց Վահագն Ալեքսանյանը:

Պատգամավորի ելույթին տեղից արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, որին ի պատասխան Ալեքսանյանն ասաց.

«Ստի մասով, ես կարծում եմ, որ Դուք կարող եք աշխարհի առաջնությանը մասնակցել ու վստահաբար գրանցել պատվավոր հորիզոնական»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել