Դատավորը Արմեն Չարչյանի գործով նիստ է նշանակել․ պատճառը ՍԴ որոշումն է

Արմեն Չարչյանի գործով առաջին ատյանի դատարանի դատավոր Միսակյանը Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա արտահերթ դատական նիստ է նշանակել այսօր, ժամը՝ 14:00-ին: Այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը նոր որոշմամբ արձանագրել է, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող պահվել անազատության մեջ:

ՍԴ-ն հրապարակել է ՀՀ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 295-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով որոշումը:

ՍԴ որոշման մեջ, մասնավորապես, նշված է, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող պահվել անազատության մեջ։ Պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ:ՍԴ-ն նաև արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը համապատասխանում է Սահմանադրությանը:

«Հայաստան» դաշինքն էլ, անդրադառնալով պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ իրենց դիմումի վերաբերյալ ՍԴ այդ որոշմանը, նշել է, որ Սահմանադրական դատարանի այս որոշումից հետո անհապաղ պետք է փոխվի իրենք երեք գործընկերների՝ Արմեն Չարչյանի, Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը, և նրանք պետք է ազատ արձակվեն:

Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն արդեն տեղեկացրել է, որ պատրաստվում է ներկայացնել դատարանին միջնորդություն անհապաղ դատական նիստ հրավիրելու եւ Արմեն Չարչյանի խափանման միջոց կալանավորումը վերացնելու պահանջով:

Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել յոթանասուներկու ժամից ավելի: Պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել