Այդքան ոստիկան, որ Սյունիքի այդ մայրուղու վրա կանգնած լինեն՝ որևէ մեկը չէր համարձակվի թշնամական մաքսակետ կառուցեր․ Գեղամ Մանուկյան

Ընդդիմադիր պատգամավորները մի շարք քաղաքացիների հետ բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց։

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր խոսքում նշեց․ «Կառավարության անդամները, վարչապետի աթոռը զբաղեցնողի գլխավորությամբ ՀՀ տարածքում թույլ են տվել տեղադրել թշնամական պահակակետ, մաքսակետ։ Դեռ ավելին՝ հպարտանում են, որ իրենք են թույլ տվել, ավելին՝ այսօր, այստեղ կառավարության նիստին ներկա Անվտանգության խորհրդի քարտուղարը երեկ հպարտանում էր, որ 15 տարվա մեջ ամենալավ ճանապարհն են սարքել Սյունիքում՝ շրջանցող»։

Նրա խոսքով՝ իշխանությունները հայերնադավ են, դավաճան, կապիտուլյանտ։

«Կառավարության նիստում նստած ինչ-որ հարցեր են քննարկում։ Իրենց անվտանգության համար հարյուրավոր ոստիկաններ են բերել այստեղ։ Այդքան ոստիկան, որ Սյունիքի այդ մայրուղու վրա կանգնած լինեն՝ որևէ մեկը չէր համարձակվի թշնամական մաքսակետ կառուցեր։ Երեկվանից արդեն այս կապիտուլյանտ իշխանության լուռ համաձայնությամբ, դավաճանական համագործակցությամբ, փոխադարձ համաձայնությամբ ՀՀ կարևորագույն մայրուղիներից մեկի՝ Սյունիքի Գորիս-Կապան մայրուղու վրա հաստատվել է թուրքական գերիշխանություն։ Իրենք դրանից չեն ամաչում, իրենք դրանից վատ չեն զգում։ Իրենք չունեն ամոթի զգացում, Նիկոլ Փաշինյանը չի ամաչում»,-ասաց Գեղամ Մանուկյանը։

Նշենք, որ նոյեմբերի 11-ի կառավարության նիստից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ հանդես եկավ, որում ասվում է․

«Ինչպես գիտեք, ս․թ օգոստոսից Ադրբեջանը Իրանի Իսլամական Հանրապետության բեռնատարների նկատմամաբ մաքսային վարչարարություն էր իրականացնում, այսինքն մաքսային տուրքեր էր գանձում Գորիս-Կապան ճանապարհի իր տարածքով անցնող Էյվազլի-Չայզամի հատվածում։ Երեկ Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցում է ստացվել, նոյեմբերի լույս 11-ի կեսգիշերից նրանք պատրաստվում են մաքսային, անձնագրային հսկողություն իրականացնել նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և բեռների նկատմամբ։

Ծանուցումը ստացվելուց հետո մենք որոշում ենք կայացրել այդ հատվածով երթևեկող քաղաքացիներին ուղղորդել դեպի Կապան-Աղվանի-Տաթև-Հալիձոր-Շինուհայր Մ2 ավտոճանապարհ և այստեղով իրականացնել երթևեկությունը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել