Գործող օրենսդրության շրջանակներում և Սահմանադրական դատարանի որոշումների և դիրքորոշումների շրջանակներում Վճռաբեկ դատարանի բողոքը վերադարձնելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված: Այս մասին փաստաբանների գործադուլի ժամանակ ասաց Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Գենյա Պետրոսյանը` նշելով, որ մտահոգված են փաստաբանների բարձրացրած խնդրով:
«Իրավակիրառ պրակտիկայում հաճախ որոշումներում ներառված պատճառաբանությունները կրում են ձևական բնույթ և, ըստ էության, համարժեք ձևով չեն պատճառաբանում բողոքում ներառված հիմքերի և հիմնավորումների ընդունելի չլինելու հանգամանքը: Ավելին` վարույթ ընդունելու մասին որոշումներն ընդհանրապես չեն պատճառաբանվում Վճռաբեկ դատարանի կողմից, իսկ նույն դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտերում, որպես կանոն, չեն ներառվում համապատասխան պատճառաբանությունները: Այսինքն` ի՞նչ հիմնավորմամբ բողոքն ընդունվեց վարույթ»,- ասաց Գենյա Պետրոսյանը:
Նրա խոսքով` նման պայմաններում ակնհայտորեն առաջանում է անկանխատեսելիության իրավիճակ, որն ունենք այսօր:
«Վճռաբեկ դատարանի նախադեպային պրակտիկայում առկա չեն բողոքի ընդունման չափանիշները հստակեցնող պարզաբանումներ և մեկնաբանություններ, մինչդեռ սա ուղղակիորեն Սահմանադրական դատարանի որոշման պահանջն է. գործի հանգամանքներից ելնելով` պարզաբանել կոնկրետ գործը վարույթ ընդունելու չափանիշների խնդիրը»,- նշեց Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալը:
Իրավաբան.net