Մեր տղաների հետ «Մուրացան» բժշկական կենտրոնում ենք, որտեղ անցնում են բուժզննություն․ Նազելի Բաղդասարյան

Ազգային ժողովի պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայրենիք վերադարձած մեր տղաների հետ «Մուրացան» բժշկական կենտրոնում ենք, որտեղ անցնում են բուժզննություն: Վերադարձածներից բոլորը Շիրակի մարզից են:

Մաղթենք շուտափույթ հայրենադարձում մյուսներին»:

Ինչպես արդեն հայտնել էինք, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․

«Հայաստան են վերադառնում 5 հայ ռազմագերիներ

Ամբարդարյան Մելս Կարապետի
Կարապետյան Ռաֆիկ Ռոբերտի
Մանուկյան Ժորա Վանոյի
Սողոմոնյան Սեդրակ Սամվելի
Մանուկյան Հովսեփ Ռոբերտի»։

Նշենք, որ վերադարձած գերիներից 3-ին` Ռաֆիկ Կարապետյանին, Սեդրակ Սողոմոնյանին և Մելս Ամբարդարյանին, հուլիսի 23-ին Բաքվի դատարանը դատապարտել էր 6 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի բանտում:

Այդ օրը 6 տարվա ազատազրկման էին դատապարտվել ևս 10 հայ ռազմագերի։ Դրանից բացի, Բաքվի դատարանում հուլիսի 22-ին նմանատիպ դատավճիռ էր կայացվել 13 հայ գերիներից բաղկացած մեկ այլ խմբի նկատմամբ, որոնց թվում նաև Ժորա Վանոյի Մանուկյանն էր։

Այսօր Բաքվից վերադարձող մեկ այլ ռազմագերու՝ Հովսեփ Մանուկյանի և ևս 12 հայ զինծառայողի նկատմամբ նմանատիպ որոշում էր կայացվել հուլիսի 29-ին։

Նշենք նաև, որ ավելի վաղ գերեվարված զինծառայողների հարազատները, որոնց թվում էր նաև այսօր վերադարձած Մելս Ամբարդարյանի եղբայրը, բազմաթիվ ակցիաներով և հայտարարություններով էին հանդես եկել, այդ թվում՝ անժամկետ նստացույցով՝ պահանջելով Կառավարությունից վերադարձնել գերիներին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր․

«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում շարունակվում է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու, պատերազմ վարելու արգելված մեթոդներ և միջոցներ կիրառելու, քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելու և Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու, մասնավորապես՝ խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները ոչ ընտրովի հարձակման օբյեկտներ դարձնելու և հրետակոծելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3788 անձ։ 04.10.2021թ. դրությամբ անհայտ է 224 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։

Մինչև օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետություն է հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 108 զինծառայողներ և քաղաքացիական անձինք»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել