Հայաստան է վերադառնում 5 հայ ռազմագերի․ հայտնի են անունները․ Նարեկ Ղահրամանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստան են վերադառնում 5 հայ ռազմագերիներ

Ամբարդանյան Մելս Կարապետի
Կարապետյան Ռաֆիկ Ռոբերտի
Մանուկյան Ժորա Վանոյի
Սողոմոնյան Սեդրակ Սամվելի
Մանուկյան Հովսեփ Ռոբերտի»։

Նշենք, որ վերադարձած գերիներից 3-ին` Ռաֆիկ Կարապետյանին, Սեդրակ Սողոմոնյանին և Մելս Ամբարդարյանին, հուլիսի 23-ին Բաքվի դատարանը դատապարտել էր 6 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի բանտում:

Այդ օրը 6 տարվա ազատազրկման էին դատապարտվել ևս 10 հայ ռազմագերի։ Դրանից բացի, Բաքվի դատարանում հուլիսի 22-ին նմանատիպ դատավճիռ էր կայացվել 13 հայ գերիներից բաղկացած մեկ այլ խմբի նկատմամբ, որոնց թվում նաև Ժորա Վանոյի Մանուկյանն էր։

Այսօր Բաքվից վերադարձող մեկ այլ ռազմագերու՝ Հովսեփ Մանուկյանի և ևս 12 հայ զինծառայողի նկատմամբ նմանատիպ որոշում էր կայացվել հուլիսի 29-ին։

Նշենք նաև, որ ավելի վաղ գերեվարված զինծառայողների հարազատները, որոնց թվում էր նաև այսօր վերադարձած Մելս Ամբարդարյանի եղբայրը, բազմաթիվ ակցիաներով և հայտարարություններով էին հանդես եկել, այդ թվում՝ անժամկետ նստացույցով՝ պահանջելով Կառավարությունից վերադարձնել գերիներին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր․

«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում շարունակվում է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու, պատերազմ վարելու արգելված մեթոդներ և միջոցներ կիրառելու, քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելու և Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու, մասնավորապես՝ խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները ոչ ընտրովի հարձակման օբյեկտներ դարձնելու և հրետակոծելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3788 անձ։ 04.10.2021թ. դրությամբ անհայտ է 224 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։

Մինչև օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետություն է հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 108 զինծառայողներ և քաղաքացիական անձինք»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել