Զինծառայողների արձակուրդի տեսակները

Ժամկետային զինծառայողներին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, տրվում է հերթական տարեկան արձակուրդ: Արձակուրդի տևողությունը կազմում է`
մինչև 15 տարի ծառայած զինծառայողների համար` 30 օր,
15-ից 25 տարի ծառայած զինծառայողների համար` 40 օր,
25 և ավելի տարի ծառայած զինծառայողների համար` 45 օր,
ժամկետային պարտադիր զինվորական ծառայության սպայական կազմի համար` յուրաքանչյուր լրիվ ծառայած ամսվա համար երկու և կես օր հաշվարկով:

Ծառայության հատուկ պայմաններ ունեցող կամ վնասակար աշխատանքներում զբաղված ժամկետային զինծառայողներին տրվում է լրացուցիչ տարեկան արձակուրդ` 10 օր տևողությամբ: Նման արձակուրդի իրավունք տվող ծառայության տեսակների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ընտանեկան հանգամանքների բերումով, ուսման կապակցությամբ և այլ հարգելի պատճառներով, հրամանատարի (պետի) որոշմամբ, ժամկետային զինծառայողին կարող է տրվել լրացուցիչ տարեկան արձակուրդ` մինչև 10 օր տևողությամբ:

Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողներին, զինվորական ծառայության ընթացքում, որպես խրախուսանք կարող է տրվել արձակուրդ, զինվորներին` 15 օր, սերժանտներին և ավագներին` 20 օր տևողությամբ:

Հրամանատարի (պետի) որոշմամբ ժամկետային պարտադիր ծառայության շարքային կազմի զինծառայողներին կարող է տրվել մինչև 5 օր տևողությամբ լրացուցիչ արձակուրդ` ելնելով զինվորական ուսման կամ ծառայության բարձր ցուցանիշներից, իսկ ամուսնացածներին` ևս 5 օր` ամիսը մեկ անգամ:

Զինծառայողի կնոջը (ամուսնուն), իր ցանկությամբ, տարեկան արձակուրդ կարող է տրվել ամուսնու (կնոջ) արձակուրդի հետ միաժամանակ:

Զինծառայողը և նրա ընտանիքի անդամները արձակուրդը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հանգստյան տներում անցկացնելու դեպքում օգտվում են ուղեգրի գնի փոխհատուցման իրավունքից: Ուղեգրի գնի փոխհատուցման կարգը և չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդվածի առաջին, երկրորդ, երրորդ, վեցերորդ և յոթերորդ մասերի դրույթները չեն տարածվում ժամկետային պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի զինծառայողների վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել