22-ամյա աղջկա մոտ հայտնաբերվել է մեթամֆետամին տեսակի թմրամիջոց. ոստիկանություն

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները տարաբնույթ օպերատիվ-հետախուզական ու քրեադատավարական միջոցառումների արդյունքում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական տվյալները ստացան, որոնք իրացրին՝ համագործակցելով Շենգավիթի բաժնի ծառայողների հետ։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Հոկտեմբերի 1-ին նախ հայտնաբերեցին Արտաշատում բնակվող 35-ամյա տղամարդու, որը Երևանի Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկից բերման ենթարկվեց Շենգավիթի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամին։ Նույն օրը նույն կասկածանքով, «BMW» մակնիշի մեքենայով հանդերձ, Արաբկիր վարչական շրջանից Շենգավիթի բաժին բերման ենթարկվեց 53-ամյա տղամարդ։ Նրա, ինչպես և մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանա, մեթամֆետամին ու դանակ։

Հոկտեմբերի 1-ին՝ արդեն երեկոյան, Շենգավիթի բաժին բերման ենթարկվեց 22-ամյա աղջիկ, որի խուզարկությամբ ևս մեթամֆետամին հայտնաբերվեց։ Ըստ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների տվյալների՝ բերման ենթարկվածները թմրամիջոցները ձեռք էին բերել Երևանում բնակվող 39-ամյա մի տղամարդուց։ Հետագա միջոցառումներով այդ տվյալները հաստատվեցին։

39-ամյա տղամարդը ևս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին։ Նրա մեքենայի խուզարկությամբ մեթամֆետամին հայտնաբերվեց։ 39-ամյա տղամարդը նախ ձերբակալվեց, ապա նրան մեղադրանք առաջադրվեց։ Նա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել