Գումար կանխիկացնելու, տարբեր գործարքներ կատարելու հետ կապված խնդիրը ArCa համակարգի խափանումն է

Հոկտեմբերի 1-ի երեկոյան քաղաքացիները սոցհարթակներում գրում են, որ չեն կարողանում բանկային գործարքներ կատարել, գումար կանխիկացնել։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ խնդիրը մեկ կամ երկու բանկի հետ չէ կապված։ Խափանվել է «ԱրՔա» համակարգի աշխատանքը։

Ընկերությունն ավելի ուշ հայտնեց․ ««ԱրՔա» անդամ բանկերի օնլայն հավելվածներում տեղի գտած խափանումների հետ կապված օրվա ընթացքում Ընկերությունում տարվել են աշխատանքներ, և ժամը 20:15-ի դրությամբ համակարգը վերադարձել է բնականոն աշխատանքի»։

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, պարզվեց, որ խնդիրը դեռ ամբողջովին կարգավորված չէ։

«Հարգելի քարտապաններ, տեղեկացնում ենք Ձեզ, որ վերոհիշյալ խնդիրը կրկնվել է։ Ժամը 10։45-ի դրությամբ համակարգը վերականգնվել է։ Մշտադիտարկումը շարունակվում է։ Մենք ներողություն ենք խնդրում հանգստյան օրվա սկզբին պատճառած տհաճ զգացմունքների համար»,-նշված է ArCa-ի էջում։։

Բանկերը ևս իրենց հաճախորդներին ծանուցումներ են ուղարկում։

«Հարգելի՛ հաճախորդներ, տեղեկացնում ենք, որ ԱրՔա համակարգի տեխնիկական խնդիրներով պայմանավորված` հեռավար համակարգերով, բանկոմատներով և POS տերմինալներով կատարվող քարտային գործարքները կրկին անհասանելի են:
Խնդիրները կարգավորվելուն պես լրացուցիչ կտեղեկացնենք:
Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար»,-իր հայտարարության մեջ նշել է Ամերիաբանկը:

Ակբա բանկը տեղեկացնում է․ « Հարգելի հաճախորդներ, ԱրՔա համակարգում տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ վճարային քարտերով գործարքները բանկոմատներում, վճարային տերմինալներում և acba digital հարթակում գործում են պարբերական ընդհատումներով: Խնդրի լիարժեք կարգավորման դեպքում կտեղեկացնենք լրացուցիչ։
Հայցում ենք ձեր ներողամտությունը»։

Ինեկոբանկն իր հաճախորդներին հայտնում է․ « Հարգելի հաճախորդներ, ԱրՔա համակարգում դեռևս առկա են խնդիրներ, որոնց պատճառով հնարավոր չէ իրականացնել քարտային գործարքներ InecoOnline/InecoMobile համակարգերում, բանկոմատներում և վճարման այլ կետերում։
Համակարգի կարգավորվելուն պես լրացուցիչ կտեղեկացնենք։
Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել