Աննա Մկրտչյանը հիշեց Տիգրան Մուկուչյանի վերաբերյալ Փաշինյանի՝ նախկինում արած հայտարարությունները

Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդումը ներկայացնելուց հետո հայտարարությունների ժամին ելույթ ունեցավ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանը։

Նա հիշեց, թե ինչպես էր հանձնաժողովի գործունեության մասին նախորդ տարիների հաղորդումների ժամանակ հայտարարություններ անում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա խոսքերը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի մասին։

2013 թվականին՝ 2012 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ հաղորդման ներկայացման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր․ «Եթե Ձեզ թվում է, թե այդ շուտասելուկ բառակույտերով տպավորություն եք թողնում, Դուք չարաչար սխալվում եք: Դաստիարակության մասին եք խոսում, Ձեր դաստիարակությունը հերիքում է, որպեսզի դուք Ազգային ժողովի ամբիոնից մի ամբողջ ժողովրդի և հասարակության ստեք և սուտ փաստեր ներկայացնեք»։

ԱԺ նիստերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի մասին էր պատմում, երբ Տ. Մուկուչյանը խորհրդարանին ներկայացրեց ՀՀ նախագահի ընտրությունների վերաբերյալ հաշվետվությունը․

«Բարաք Օբաման զանգահարում է Սերժ Սարգսյանին և խնդրում վերջինիս օգնությունը, որպեսզի ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթի: Սերժ Սարգսյանն ասում է` «հարց չկա» և ԱՄՆ է ուղարկում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին: Ընտրությունների ավարտից հետո ԱՄՆ նախագահը կրկին զանգահարում է Սերժ Սարգսյանին եւ ասում. «քո արածը, քո դուրը եկա՞վ»: Սերժ Սարգսյանը հետաքրքրվում է, թե ինչ է պատահել: Բարաք Օբաման պատասխանում է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը»:

Անեկդոտը պատմելուց հետո Փաշինյանը խոսքով դիմում է Մուկուչյանին՝ ասելով. «Պարոն Մուկուչյան, սա այն է, ինչ որ տեսնում է ժողովուրդը և օգտագործում է բանահյուսության մեջ։ Ընտրախախտումները շատ կարևոր պետական հարց են, որի ֆոնին, ցավոք սրտի, ձեր կերպարն ահա այսպիսին է»։

Ի պատասխան՝ Տ. Մուկուչյանն ասում է. «Հարցն այն չէ, որ իմ հասցեին եք վատ բաներ ասում, այլ հարցն այն է, որ ժողովուրդը ձեզանից ամեն ինչի վատ փաթեթավորմանն է սպասում: Այն, ինչ դուք ասեցիք իմ հասցեին, կարծում եմ, դուք էլ լավ գիտեք, թե ինչ է ասել Թումանյանը ձեր տեսակի մասին… ու հեռու է մինչև մարդը իր ճամփան»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել