Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթին պարգևատրել է ԱԳՆ առաջին աստիճանի Պատվո մեդալով

Օգոստոսի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթին:

Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

«Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի հետ առանձնաշնորհյալ հարաբերություններն ու ամենաբարձր մակարդակում առկա սերտ երկխոսությունը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել փոխգործակցությանը երկկողմ և բազմակողմ հարթակներում, ինչպես նաև դրա ամրապնդման և ընդլայնման հեռանկարներին: Այս համատեքստում կարևորվել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ գործադրվող ջանքերը:

Արարատ Միրզոյանն ու Ժոնաթան Լաքոթը մանրամասն քննարկել են Արցախում տիրող իրավիճակը՝ ընդգծելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով բանակցային գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո:

Հանդիպման ընթացքում մանրամասնորեն քննարկվել է նաև 2021թ. մայիսից Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման արդյունքում ստեղծված իրադրությունը։

Արարատ Միրզոյանը ներդրած ջանքերի և իրականացրած գործունեության համար իր անկեղծ գնահատանքն է արտահայտել Հայաստանում առաքելությունն ավարտող Ժոնաթան Լաքոթին:

Հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար նախարար Միրզոյանը դեսպան Լաքոթին պարգևատրել է ԱԳՆ առաջին աստիճանի Պատվո մեդալով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել