Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ վարչապետի պաշտոնում  նշանակվելու համար։

Այսպիսով․

Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Մարիո Դրագին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Պարոն վարչապետ,

Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ ցանկանում եմ իմ և Իտալիայի Հանրապետության կառավարության անունից Ձեզ հղել ամենաջերմ շնորհավորանքները և հաջողություններ մաղթել Ձեզ՝ կառավարության գործունեությունում:

Վստահ եմ, որ մենք կկարողանանք միասին աշխատել այն խորը բարեկամության հիման վրա, որը միավորում է Իտալիային և Հայաստանին՝ ամրապնդելու մեր երկկողմ հարաբերությունները յուրաքանչյուր ոլորտում և նպաստելու Ձեր երկրի և ամբողջ կովկասյան տարածաշրջանի համար խաղաղության, կայունության և զարգացման հեռանկարների խթանմանը:

Նախագահ Սարգսյանի առաջիկա պետական այցը Իտալիա արժեքավոր հնարավորություն կհանդիսանա մեր հոյակապ գործընկերությունը նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների շրջանակներում խորացնելու համար:

Ընդունեք խնդրեմ իմ ջերմագույն մաղթանքները»:

Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Խնդրում եմ ընդունեք շնորհավորանքներս Ձեր՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Տաջիկստանը գնահատում է գործընկերային հարաբերությունները Հայաստանի հետ, և մենք պատրաստ ենք աստիճանաբար զարգացնել մեր փոխշահավետ համագործակցությունը բոլոր ուղղություններով:

Համոզված եմ, որ Տաջիկստանի և Հայաստանի սերտ բազմակողմանի փոխազդեցությունը նոր թափ կստանա՝ բարեկամության ավանդույթների, փոխադարձ հարգանքի և երկու պետությունների շահերի հիման վրա:

Թույլ տվեք մաղթել Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, առողջություն և հաջողություն Ձեր աշխատանքում, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։

Լիտվայի վարչապետ Ինգրիդ Սիմոնիտեն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում ասված է.

«Կցանկանայի հղել ամենաջերմ շնորհավորանքներս՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր վերանշանակման կապակցությամբ:

Ընտրողների կողմից վերջին ընտրություններին Ձեզ տրված մանդատը ցույց տվեց հայ ժողովրդի զորավոր աջակցությունն այն բարեփոխումներին, որոնք ձեր երկիրը ձեռնարկել էր վերջին մի քանի տարիների ընթացքում: Չկա այլընտրանք ժողովրդավարական սկզբունքներին և բարեփոխումներին` բարգավաճ, ապահով և ժողովրդավար Հայաստան կառուցելու մղման մեջ: Թույլ տվեք վերահաստատել Լիտվայի՝ Հայաստանին այս ճանապարհին աջակցելու վճռականությունը: Լիտվան մշտապես ոգևորված է եղել Հայաստանի և մնացյալ Եվրոպայի միջև առավել ամուր կապերով: Այս տարի ուժի մեջ մտած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կնքումը կարող է հայ հասարակությանը բերել ժողովրդավարության առավել բարձր չափանիշներ` առավել կանաչ միջավայր, ինչպես նաև բիզնեսի և կրթության ավելի լավ հնարավորություններ: Վստահ եմ, որ ձեր երկրի առաջընթացը, ինչպես նաև երկարաժամկետ նպատակները կհաստատվեն աշնանը կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում:

Լիտվան վայելում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններ: Այս տարի նշելով Լիտվայի՝ որպես Հայաստանի անկախությունը ճանաչած աշխարհում առաջին պետության և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, մենք վճռական ենք շարունակելու ամրապնդել մեր ժողովուրդների միջև առավել ամուր կապերն ու բարեկամությունը: Համոզված եմ, որ առկա են բազմաթիվ հնարավորություններ և խթաններ՝ մեր երկու երկրների միջև բիզնեսի, մշակույթի և այլ ոլորտներում հարաբերությունների հետագա զարգացման համար: Վստահ եմ, որ գործընկերությունը, փոխվստահությունը և շահավետ համագործակցությունը Լիտվայի և Հայաստանի միջև կշարունակեն առաջ ընթանալ առավել բարեկամական ոգով: Հուսով եմ, որ մեր հարաբերությունները կարող են ավելի ամրապնդվել մոտ ապագայում՝ Լիտվա ձեր այցով:

Մաղթում եմ Ձեզ և ձեր կառավարությանն ամենայն հաջողություն ձեր նախաձեռնություններում: Ընդունեք խնդրեմ խորին հարգանքիս հավաստիքը»:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Լի Քեցյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն,
Հարգելի պարոն վարչապետ,

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից հղում եմ Ձեզ անկեղծ շնորհավորանքներս Ձեր՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Վերջին տարիներին չին-հայկական հարաբերությունները կայուն ու առողջ զարգանում են, ձեռք են բերվել զգալի արդյունքներ բազմակողմանի ոլորտներում:

Չինական կողմը պատրաստ է ամրապնդել զարգացման ռազմավարությունների համակցումը և խորացնել փոխշահավետ համագործակցությունը հայկական կողմի հետ, որպեսզի շարունակաբար աճի Չինաստանի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունների բովանդակությունը` ի շահ երկու երկրների և ժողովուրդների:

Մաղթում եմ Հայաստանին բարգավաճում և հզորացում, իսկ ժողովրդին` երջանկություն և բարեկեցություն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել