«Սատանան դետալներում է»․ Արսեն Թավադյանը՝ կառավարության ընդունած նոր որոշման մասին

Իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Արսեն Թավադյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեկ՝ հուլիսի 12-ին, կառավարության արտահերթ նիստում ընդունված որոշումներից մեկին։

Այս մասին նա գրում է․

«Երեկ Կառավարությունը հավանություն տվեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու նախագծին, որով նախատեսվում է տուրք կիրառել պղնձի և մոլիբդենի խտանյութի արտահանման դեպքում: Գաղափարը շատ լավն է` մասնագետները քանի տարի ասում են, որ պետք է ապահովել պղնձի և մոլիբդենի վերամշակումը Հայաստանում: Դա կստեղծի նոր աշխատատեղեր, կզարգացնի արդյունաբերությունը, կապահովի հավելյալ արդյունք:

Բայց պետք չի ուրախանալ: Այս նախագիծն ահավոր ժամակավրեպ է և, իրականում, չի հանգեցնի ցանկալի արդյունքին: Մի քանի ամիս առաջ Կառավարությունը հպարտությամբ հայտարարեց, որ ուժի մեջ է մտել ԵՄ-ՀՀ համաձայնագիրը: Նույն մասնագետները, որոնք պնդում էին, որ պետք է Հայաստանում սկսել վերամշակել խտանյութը, միաձայն պնդում էին, որ չի կարելի վավերացնել այդ համաձայնագիրն այն տեսքով, որը որ կա (Համաձայնագրի վավերացումը ինչպես ներկայիս, այնպես էլ նախորդ իշխանությունների «ձեռքբերումն» է):

«Սատանան դետալներում է»` Համաձայնագրի 116-րդ կետը փաստացի արգելում է արտահանման տուրքին հավասարարժեք միջոցների կիրառումը: Հայկական խտանյութի գերակշիռ մասն արտահանվում է հենց ԵՄ: Իսկ օրենքի փոփոխության տեքստում նշված է, որ տուրքը չի կիրառվում, երբ խտանյութը արտահանվում է միջազգային պայմանագրով նախատեսված երկրներ: Հետևաբար, ԵՄ խտանյութ արտահանելիս որևէ տուրք չի կիրառվի:

Արդյունքում, կրկին, մենք ունենք շատ լավ գաղափար` խտանյութի վերամշակում Հայաստանում, և շատ ժամանակավրեպ, ոչ կիրառելի լուծում` պետական տուրք, որը չի կիրառվի, երբ խտանյութը կարտահանվի ԵՄ, այսինքն` գրեթե միշտ:

Իրականում կա եղանակ ապահովելու խտանյութի վերամշակումը ՀՀ-ում: Բայց դա շատ ավելի երկար և խորը քննարկման ենթակա հարց է»։

Դռնփակ նիում ընդունված որոշման մասին Կառավարությունից հայտնել էին․

Գործադիրը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունումը պայմանավորված է` հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (պղնձի և մոլիբդենի խտանյութ, ֆեռոմոլիբդեն) արտաքին առևտուրը կանոնակարգելու անհրաժեշտությամբ։ Ըստ հիմնավորման, վերջին տարիներին համաշխարհային շուկայում արձանագրվում է գունավոր մետաղների բորսայական գների աճ, ինչը բարենպաստ պայմաններ են ստեղծում Հայաստանի մետաղական հանքարդյունաբերության ոլորտի եկամուտների աճի և ոլորտի հետագա զարգացման համար։

Սկսած 2020 թ. ապրիլից համաշխարհային շուկայում գրանցվում է պղնձի միջազգային գնի աճ կամ կայուն բարձր գին (պղնձի գինը միջազգային բորսայում սկսած 2020 թվականի դեկտեմբերից գերազանցում է 7,500 ԱՄՆ դոլարը, իսկ ներկայումս այն կազմում է 9,225 ԱՄՆ դոլար։ Մոլիբդենը սկսած 2018 թվականի ապրիլից գրանցում է կայուն գին՝ 24,000 ԱՄՆ դոլարի չափով։ Ըստ ուսումնասիրությունների՝ ՀՀ պղնձի հանքերի զգալի մասը շահութաբեր է 5300 ԱՄՆ դոլար գնի պարագայում ու նույնիսկ 7500 ԱՄՆ դոլարի պարագյում հաշվարկված պետական տուրքի վճարումից հետո ոլորտը մնում է բավական շահութաբեր։ Օրինագծով երկրի ընդերքի շահագործումից գեներացվող բարձ շահույթից կուղղվի մշակող արդյունաբերության և հանքարդյունաբերության ոլորտում ռազմավարական ակտիվների զարգացմանը և արդյունաբերական արժեշղթաների խորացմանը: Մասնավորապես, նախատեսվում է խորացնել պղնձի մշակման արժեշղթան` նախնական փուլում հիմնելով բարձր մաքրության կատոդային պղնձի արտադրություն, իսկ այնուհետև խթանել հարակից արտադրատեսակների էկոհամակարգի արագ զարգացմանը: Նախատեսվում է նաև խթանել հանքերի առավել արդյունավետ շահագործմանը և գործող հանքավայրերի արտադրողականության բարձրացմանը` նոր տեխնոլոգիաների ներդրմամբ, ինչպես նաև շրջակա միջավայրի նկատմամբ առավել պատասխանատու հանքարդյունաբերությանը` հնարավորինս նվազեցենլով վնասակար արտանետումները:

Հիմնավորման համաձայն, նախագիծը հանդիսանում է ժամանակավոր լուծում` մինչև ոլորտին վերաբերող քաղաքականության ամբողջական և խորքային վերանայումը` բոլոր ոլորտային գերատեսչությունների ներգրավմամբ: Երկարաժամկետ հատվածում նախատեսվում է վերանայել ոլորտին վերաբերող հարկային քաղաքականությունը` երկրի ընդերքի օգտագործումից գեներացվող գերշահույթի արդյունավետ հարկմումը ապահովելու համար և ստեղծել «Սուվերեն հարստության ֆոնդ» ներդրումային հիմնադրամ` որտեղ կուղղվի նշված քաղաքականության վերանայումից առաջացող եկամուտը: Վերոնշյալ նպատակների իրականացումը լինելու է հիմնադրամի առաքելությունը: Բազմաթիվ երկրեր արդեն իսկ ունեն նմանօինակ հիմնադրամներ` որոնք զբաղվում են ընդերքի շահագործումից գեներացվող եկամուտների տնօրինմամբ: Նպատակ ունենալով համաշխարհային շուկայում ձևավորված բարձր գնային պահանջարկի պայմաններում Հայաստանի հանքարդյունաբերության և գունավոր մետալուրգիայի ոլորտում ստեղծել և զարգացնել առավել մաքուր և էկոլոգիապես անվտանգ տեխնելոգիաների կիրառմամբ արտադրություններ՝ առաջարկվում է պղնձի և մոլիբդենի միջազգային բարձր գների պարագայում սահմանել պետական տուրք պղնձի, մոլիբդենի խտանյութի և ֆեռոմոլիբդենի՝ դեպի երրորդ երկրներ արտահանելու լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար։ Ակնկալվում է, որ լիցենզիայի տրամադրման առաջարկվող դրույքաչափերը կգործեն միայն նշված մետաղների բարձր գնային միջակայքերում, իսկ հետագայում, կախված համաշխարհային շուկայում այդ մետաղների պահանջարի փոփոխությունից:

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը, անդրադառնալով օրինագծին, նշել է, որ այն կիրարկման ռիսկեր է պարունակում. «Նպատակների հետ կապված ունենք 100 տոկոսանոց կոնսենսուս, բայց այս գործիքի աշխատանքի մասով, այնուամենայնիվ, ռիսկեր ենք տեսնում»:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը նրա համար է, որ ռիսկերը կառավարի և երկրի շահերին համապատասխանող գործողություններ ծավալի: «Ես հասկանում եմ բոլոր հնարավոր ռիսկերը, և այդ օրակարգի համար ինչ օրենքի, կարգավորումների փոփոխություններ են անհրաժեշտ՝ աշխատեք իրականացել: Մեկը մյուսի հետ կապ չունի», -ասել է վարչապետի պաշտոնակատարը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել