Սահմանադրական դատարանում շարունակվում է հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումների քննությունը:
ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանը հարց ուղղեց դատախազության ներկայացուցիչ Սևակ Հովհաննիսյանին․ «Օձունի գյուղապետի ծեծի դեպքի հետ կապված 10 օրվա ընթացքում դատախազությունը չի՞ կարողանում կողմնորոշվել մեղադրյալ կա՞, թե՝ ոչ։ Քա՞ր է ընկել Օձունի գյուղապետի գլխին»։
Սևակ Հովհաննիսյանը նշեց, որ դատախազությունը չի որոշում մեղադրյալ կա, թե ոչ. «Մեղադրյալ ներգրավելու դատավարական ընթացարակգը քննիչի բացառիկ լիազորություններից մեկն է։ Ոչ քար է ընկել, դեպք է տեղի ունեցել, տուժող լինելու փաստը դատավարական ընթացակարգերի կիրառման արդյունքում է որոշվել, որովհետև եթե քրեական գործ հարուցելու ընթացքում առկա են տուժող ճանաչելու հիմքեր, անձը ճանաչվել է տուժող։ Թե ինչ հանգամանքներում է անձը ստացել տվյալ մարմնական վնասվածքը, որտեղ և ինչ պայմաններում, դրանք բոլորը քննության առարկա են և այնպես չէ, որ դատախազությունն է որոշում մեղադրյալ կա, թե ոչ։ Քննությունն է որոշում»։
Արթուր Վաղարշյանն էլ նկատեց՝ 10 օրվա ընթացքում չկարողանալ հասկանալ այդ գործով մեղադրյալ կա, թե ոչ, տարօրինակ է։
Հիշեցնենք, որ հունիսի 22-ին Օձունի համայնքապետը ոստիկանությունում հաղորդում է տվել իր նկատմամբ կատարված հանցագործության վերաբերյալ։
ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է դրա հիման վրա անմիջապես հարուցել քրեական գործ։