Մայիսի 11-12-ն առաջին անգամ հանրապետական մասշտաբով անցկացվել է առևտրային արբիտրաժին նվիրված խաղ-մրցույթ ՀՀ համալսարանների իրավաբանական ֆակուլտետների ուսանողների մասնակցությամբ։
Արբիտրաժ խաղ-մրցույթին մասնակցել են 6 թիմեր՝ 5 տարբեր համալսարաններից, այդ թվում` Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանից, Երևանի պետական համալսարանից, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնից, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտից, Երևանի Մանց համալսարանից:
Թիմերին տրվել էր իրական դեպքի վրա հիմնված խնդիր, որը պետք է լուծվեր առևտրային արբիտրաժ խաղ-մրցույթի շրջանակներում:
Մրցույթը կազմակերպել էր Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Մեդիացիոն Կլինիկան, որը ստեղծվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավական ռեսուրսների կենտրոնի (ՀԱՀ ԻՌԿ) և ԷյԴիԱր Փարթներս մեդիացիոն ընկերության համագործակցության արդյունքում:
«Արբիտրաժ խաղ-մրցույթը ՀՀ իրավական համակարգի և պրակտիկայի արդյունավետության բարձրացման համար կարևոր և բացառիկ միջոցառում է, որը նպատակ ունի խթանել արբիտրաժի, վեճերի այլընտրանքային լուծման այլ ձևերի զարգացումը Հայաստանում՝ նպաստելով նաև ապագա իրավաբանների մասնագիտական զարգացմանը: Սույն միջոցառումը կրելու է շարունակական բնույթ՝ ներգրավելով ավելի շատ ուսանողներ և ստեղծելով առավել ամուր հիմքեր մեր երկրում իրավական զարգացումների համար» – մրցույթի ժամանակ նշել է ԷյԴիԱր Փարթներս ընկերության գլխավոր տնօրեն Մուշեղ Մանուկյանը:
Մրցույթին` որպես արբիտր, մասնակցել են ներկայացուցիչներ ՀՀ առևտրային արբիտրաժից, Հայաստանի բանկերի միության կից ֆինանսական արբիտրաժից, Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակից, ինչպես նաև Հայաստանի մի շարք բուհերի դասախոսներ, միջազգային մասնավոր իրավունքի մասնագետներ:
Արբիտրաժ խաղ-մրցույթի կայացմանն աջակցելու իրենց պատրաստակամությունն են հայտնել մի շարք հայաստանյան և օտարերկրյա ընկերություններ՝ մրցույթի հաղթող թիմի` մասնակիցների և անհատ բանախոսների համար մրցանակներ սահմանելով իրենց ապրանքատեսակների և ծառայությունների տեսքով։
Բոլոր թիմերը ԷյԴիԱր Փարթներս ընկերության գլխավոր տնօրեն Մուշեղ Մանուկյանի կողմից ստացել են վերջինիս նոր հրատարակված աշխատությունը` «Հայաստանի Հանրապետության միջազգային մասնավոր իրավունք. ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 12-րդ բաժնի (միջազգային մասնավոր իրավունք) դրույթների գիտական և պրակտիկ մեկնաբանություններ» վերտառությամբ:
Մրցույթի հաղթող է ճանաչվել Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրել է, ինչպես նաև լավագույն գրավոր աշխատանք է ճանաչվել Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի թիմը:
Արբիտրաժ խաղ-մրցույթի լավագույն բանախոս է ճանաչվել Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի թիմի մասնակից Լևոն Սարգիզովը:
Իրավաբան.net