Մարդիկ կային, որ 18+ տեսանյութի էին սպասում․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է ՀՀ Նիկոլ Փաշինյանի արձագանքին՝ կապված երեկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրության հետ։

«Հերթական ստերը, որոնք որևէ քննադատության չեն դիմանում։ Ուզում եմ նորից ֆիքսել, որ մենք թողել ենք, և այդ ձայնագրությունից պարզ է՝ ամենահայանպաստ լուծումը, որ հնարավոր էր ունենալ բանակցությունների արդյունքում։ Այսինքն՝ Արցախը երբեք չէր լինելու Ադրբեջանի կազմում։ Երկրորդը ֆիքսեմ, որ Նիկոլ Փաշինյանը տապալեց բանակցային գործընթացը։ Ձայնագրությունը վկայում է դրա մասին։ Երրոդը՝ նա ոչ ադեկվատ ներկայացնում էր Հայաստանն ու Արցախը աշխարհում և դարձավ Հայաստանն անլրջացնելու, Արցախի գլխի ամպեր կախելու հիմնական պատճառը։ Չորրոդ՝ էս ամեն ինչի արդյունքում նա պատերազմ բերեց մեր գլխին։

Մարդիկ կային, որ 18+ տեսանյութի էին սպասում։ Չմոռանաք, որ էս ամբողջ դիսկուրսի մեջ, էս ամբողջ պատմության արանքում կա 5000 խորշ Եռաբլուրում, կա 10 հազար քառակուսի կորսված հայրենիք, կա թուրքի զինվորի թաթ Գեղարքունիքի, Սյունիքի հողի վրա, Ադրբեջանական բանակը կանգնած է ՀՀ տարածքում։ Նորից եմ կրկնում, այդ ձայնագրությունն ապացուցում էր, որ Նիկոլ Փաշինյանը տգետ, տհաս, մեր գլխին արյունալի պատերազմ բերած ոչնչություն է, որը պարզապես րավունք չունի ներկայացնել Հայաստանը»,- ասել է Աշոտյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Գեղարքունիքում կայացած հանդիպման ժամանակ հրապարակել էր խոստացած ձայնագրությունը Փաշինյանի մասին։

Հրապարակումից առաջ Սերժ Սարգսյանը հունիսի 8-ին քաղաքացիների հետ հանդիպմանն անդրադարձել էր մեղադրանքներին, թե ինքը զինվորներից գողացված գումարը պարտվել է կազինոներում՝ «մոնտե կարլոներում»։

«Երկար տարիներ իրենք այդ կեղծ լուրը տարածում են։ Եվ ես այն ժամանակ անհրաժեշտ չէի գտնում նրանց պատասխանելու՝ հաշվի առնելով էն հանգամանքը, որ ես նախագահ էի, մեր Անվտանգության ծառայություններն ինձ էին ենթարկվում և պիտի ասեին՝ էդ ամբողջ ինֆորմացիան պահում են և այլն, և այլն։

Ինքը ղալլաթ է անում, որ ըտենց բան է ասում, և տեսել եք դուք, թե ինքը ինչպես է ասում։ Էլի «եթե»-ով է ասում՝ եթե, եթե, եթե։ Ես հիմա իրան ասում եմ, եթե ինքը արածեր, կարո՞ղ է ավելի խելոք մտքեր արտահայտեր։ Այսինքն՝ էդ ինչի՞ մասին է խոսքը։ Եվ հիմա ձեր ներկայությամբ ես ասում եմ, ես դրան՝ այդ անբարոյականին, 24 ժամ եմ տալիս։

Կամ պետք է փաստ ներկայացնի, մի փաստ, կամ ես էնպիսի փաստեր եմ ներկայացնելու իր մասին, իր ընտանիքի մասին, եթե արդեն էդտեղ է հասել, որ հասարակությունը թքելու է իր վրա։ Մի փաստ»,-նշել էր նա։

Հունիսի 9-ին Սերժ Սարգսյանը ձայնագրությունը է հրապարակեց, որը ներկայացված է տեսանյութում։

Նշենք նաև, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 10-ին Սպիտակում, քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ խոսեց Սերժ Սարգսյանի կողմից տրված 24 ժամի ու հրապարակված տեսանյութի մասին։

«Սպառնում էին, որ հեսա կոմպրոմատ են հրապարակելու, այնպիսի կոմպրոմատ․․․ ջախջախիչ։ Եվ երեկ իրենք այդ կոմպրոմատ կոչվածը, ինչ-որ ձայնագրություն, որտեղ ես եմ խոսում՝ հրապարակեցին։ Ես ինչքան հետևել եմ արձագանքներին, հանրությունը մի փոքր տարակուսած է, նրանք հարց են տալիս՝ հիմա այս ձայնագրությունով Սարգսյանը ուզում էր վնա՞ս տար Փաշինյանին, թե՝ օգուտ տար։

Հարցը, եթե անկեղծ ասեմ, շատ լեգիտիմ է, որովհետև այն, ինչ հրապարակել է Սերժ Սարգսյանը՝ լիովին և ամբողջությամբ հիմնավորում է մեր այն դիրքորոշումները, մեր այն պատմությունը, որը վերջին 7 ամսվա ընթացքումա մենատարբեր հարթակներից մենք արել ենք, ներկայացրել մեր ժողովրդին»,-ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ 2018 թվականի մայիսին Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացն ինքը ժառանգել է փակուղային, դեֆորմացված վիճակում ու ամենակարևոր խնդիրն այդ պահի դրությամբ եղել է այն, որ միջնորդները հետագա զարգացումների ու կարգավորման ճանապարհային քարտեղի վերաբերյալ արտահայտել են այն նույն դիրքորոշումը, ինչ արտահայտել է Ադրբեջանը։

«Շատ կարևոր է արձանագրել, որ դա 2018 չէ, որ տեղի է ունցել, դա տեղի է ունեցել շատ ավելի վաղ, ես խոսել եմ այդ մասին՝ խոսելով 2016 թվականի հունվարի իրադարձությունների մասին։ Ես դեռ վարչապետ չէի, ասել եմ, որ միջնորդները Հայաստանին պայման են ներկայացրել՝ հրաժարվել Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի գաղափարից, ինչը նշանակում է, որ ըստ էության, հարցը դրված է եղել այսպես․ նախկինում գոյություն ուներ «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» բանաձև, հետո գոյություն ուներ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձև, 2016-18 թվականները ձևակերպվեց և 2016 թվականի Ապրիլյան պատերազմով ամենավերին աստիճանի լրջացավ «տարածքներ՝ ոչ մի բանի դիմաց» բանաձևը»,-ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երեկ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին՝ ձայանգրությունը հրապարակելու համար, քանի որ այն հնարավորություն է տալիս բացելու ամբողջ խոսակցությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել