Ինչո՞ւ մասնագիտությամբ փիլիսոփան չի կարող փաստաբան դառնալ

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը` Գևորգ Սլոյանը հայց է ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի` հավակնորդի կարգավիճակը հաստատելու և ընդունելության քննություններին մասնակցել թույլ տալուն պարտավորեցնելու պահանջի մասին:

Հայցվորն իր պահանջը հիմնավորել է հետևյալ փաստարկներով. 2012 թվականի հունիսի 23-ին ներկայացրել է դիմում ՀՀ փաստաբանական դպրոցի ընդունելության քննություններին մասնակցելու նպատակով։ 17.07.2012թ. ստացել է փաստաբանական դպրոցի ընդունելության հանձնաժողովի նախագահ Ն.Բաղդասարյանի որոշումը հավակնորդի կարգավիճակից զրկելու և 2012թ. ՀՀ փաստաբանական դպրոցի ընդունելության քննություններին մասնակցելուն թույլ չտալու մասին։ Որոշումը բողոքարկել է դպրոցի խորհրդին՝ պահանջելով վերացնել ՀՀ փաստաբանական դպրոցի ընդունելության հանձնաժողովի նախագահ Ն. Բաղդասարյանի որոշումը հավակնորդի կարգավիճակից զրկելու և 2012թ. ՀՀ փաստաբանական դպրոցի ընդունելության քննություններին մասնակցելուն թույլ չտալու մասին, սակայն դպրոցի խորհուրդը իր որոշմամբ մերժել է բողոքը։ Նշել է, որ ՀՀ փաստաբանական դպրոց ընդունվելու՝ իր նկատմամբ կիրառվող սահմանափակումը խախտում է ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով և օրենքներով երաշխավորված իր իրավունքները ստորև նշված հիմքերով և հիմնավորումներով։

Պատասխանողի կողմից հայցադիմումի վերաբերյալ ներկայացվել է հետևյալ դիրքորոշումը. «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի տնօրեն Ն.Բաղդասարյանի կողմից 10.12.2012թ-ին Մ-13810 մուտքային համարով դատարանի գրասենյակ է մուտքագրվել հայցադիմումի պատասխան, որում նշվել է, որ հայցվորի պահանջն անհիմն է և ամբողջությամբ ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ. Հայցվորը նշում է, որ իրեն զրկել են ՀՀ փաստաբանական դպրոց ընդունվելու իրավունքից՝ դրանով իսկ խախտելով ոչ միայն իր՝ որպես բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող անձի, լրացուցիչ մասնագիտական կրթություն ստանալու իրավունքը, այլ նաև փաստաբանի աշխատանքն ազատորեն ընտրելու իրավունքը։
Հայցվորի պնդումը չի համապատասխանում իրականությանը, քանի որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 45.6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն. «Փաստաբանական դպրոցի ունկնդիր կարող է լինել այն գործունակ ֆիզիկական անձը, որն ունի իրավաբանական կրթության բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճան, բացառությամբ, եթե նա դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար, և նրա դատվածաթյունը մարված կամ հանված չէ»։

Հայցվորի բազային կրթությունը փիլիսոփայությունն է, այսինքն՝ հայցվորը բուհում սովորելիս չի ստացել իրավագիտությամբ որպես բազային կրթությանը վերաբերող այն զիտելիքը, ինչն անհրաժեշտ էր նրան ՀՀ փաստաբանական դպրոց ընդունվելու, փաստաբան դառնալու համար։ ՀՀ փաստաբանական դպրոցում ունկնդիրները չեն անցնում տեսական առարկաներ, այլ ամբողջ կրթությունը սևեռված է ունկնդիրներին պրակտիկ հմտություններ ուսուցանելուն։ Հայցվորը միայն մագիստրատուրան է ավարտել իրավաբանական ֆակուլտետ (2003-2005), իսկ մագիստրատուրայում կրթությունը խիստ բևեռված է, այսինքն՝ ունի նեղ մասնագիտական ուղղվածություն, ինչը բավարար չէ արդարադատության բնագավառի գործունեությամբ զբաղվող մասնագետի, այդ թվում՝ փաստաբանի համար։

Նույնատիպ իրավակարգավորում է գործում նաև այն ունկնդիրների համար, ովքեր ցանկանում են ընդունվել ՀՀ դատական դպրոց, ՀՀ դատախազության դպրոց կամ ցանկանում են որպես նոտար աշխատել։

Դատարանի եզրահանգմամբ, դատաքննությամբ հաստատված փաստերի համաձայն հայցվորը չունի իրավաբանական կրթության բակալավրի աստիճան: Դատարանը փաստում է, որ հայցվորը չունի նաև իրավաբանական կրթության դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճան, քանզի դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճանը շնորհվում է առնվազն հնգամյա բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի ատեստավորման արդյունքում, մինչդեռ հայցվորի կողմից չի ներկայացվել որևէ ապացույց առնվազն հնգամյա բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի ատեստավորման արդյունքում վերջինիս դիպլոմավորված մասնագետի աստիճան շնորհելու վերաբերյալ:

Ուստի դատարանը վճռել է Գևորգ Սլոյանի հայցը մերժել:

Ներկայումս սույն գործով հայցվորը բերել է վերաքննիչ բողոք:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել