Մարզում ամեն ինչի համար էլ ես պատասխանատու եմ, բայց տվյալ իրավիճակի հետ կապված կա ՊՆ. Գեղարքունիքի մարզպետ

Գնել Սանոսյանը՝ խոսելով ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված անձանց մասին այսօր՝ մայիսի 27-ին, ասաց. «Միջադեպի հետ կապված մանրամասներ կարծում եմ Պաշտպանության նախարարությունը կներկայացնի»,-նշեց Գեղարքունիքի մարզպետը:

Նա նշեց, որ գերեվարված անձանց մասին տվյալներ չունի:

«Մարզում ամեն ինչի համար էլ ես պատասխանատու եմ, բայց տվյալ իրավիճակի հետ կապված կա ՊՆ, կան Զինված ուժեր, կա գենշտաբ և որոշումները կայացվում են այնտեղ»,-նշեց մարզպետը:

Գնել Սանոսյանն ասաց, որ մարզպետները և կամավորները պարզապես աջակցում են ՊՆ-ին, բայց չեն բանակցում:

«Հայկական կողմը դիվանագիտական ճիշտ աշխատանք է կատարում, որ խնդիրը հանգուցալուծվի խաղաղ ճանապարհով, բայց կարող են փաստել, որ արդյունք չի տվել և նրանք դեռ գնտնվում են մեր սուվերեն տարածքում»,-ասաց նա:

Մարզպետը նշեց, որ կառավարության նիստի դռնփակ հատվածում քննարկվել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի հետ կապված հարցեր:

Նա նաև հավելեց, որ Կութի բնակիչներին տարհանելու անհրաժեշտություն այս պահին չկա, դեպքը տեղի է ունեցել սահմանին մոտ տարածքում:

Գերեվարված անձանց վերադարձի հետ կապված մարզպետն ասաց, որ բանակցում են, իսկ թե քանի ադրբեջանցի զինծառայող կա՝ այս պահին մարզում նա նշեց, որ թիվը գիտի, բայց չի կարող բարձրաձայնել:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը մայիսի 25-ին հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։

Մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել:

Մայիսի 23-ին ՊՆ հաղորդեց, որ մայիսի 22-ի երեկոյան ադրբեջանական ԶՈՒ Հայաստանի տարածք ներթափանցած անձնակազմի մի մասը վերադարձել է ելման դիրքեր: Մամուլում շրջանառվող պնդումը, թե «Սյունիքի մարզի Սև լճի մոտ 1000-ից ավելի ադրբեջանցի զինվորական կա» չի համապատասխանու  իրականությանը:

Մայիսի 26-ին, Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասպանի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնեց․ «Այս պահի դրությամբ, իհարկե ՀԱՊԿ գործողությունների արագությունը մեզ չի բավարարում, բայց մենք շարունակելու ենք հետևողականորեն աշխատել այդ ուղղությամբ և մեր գործընկների հետ իրավիճակի հետագա պարզաբանման վերաբերյալ աշխատանքներ իրականացնել»։ Նա նաև ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ․ «ՀԱՊԿ երկրները, և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հստակ դիրքորոշում չի արտահայտել, որ Ադրբեջանը պետք է զորքերն այդտեղից հետ քաշի։ Աշխատանքյաին մակարդակում էդ դիրքորոշումն արտահայտվում է, բայց հրապարակային մակարդակում չի արտահայտվում։ Ես ուզում եմ, որ այս հարցերում հստակցություն մտցվի»։ Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ հնարավոր է դիմեն ՄԱԿ անվտանգության խորհրդին,եթե ՀԱՊԿ գործիքները կամ հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ պայմանագրի գործիքները չբավարարեն այս իրավիճակն ու խնդիրը լուծելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել