«Նիսսան Պատֆայնդեռի» համար կվճարի 141.243 ՀՀ դրամ գույքահարկ

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, Երևան համայնքը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Ա.Հովհաննիսյանի` 141.243 դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին։

Հայցվորը ՀՀ վարչական դատարան ներկայացրած հայցադիմումով հայտնել է, որ համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի՝ գույքահարկը սեփականության իրավունքով, նույն օրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող, գույքի համար նույն օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է։

Վարչական շրջանի եկամուտների հաշվառման և գանձման բաժնի կողմից տրված տեղեկանքի համաձայն՝ պատասխանողին սեփականության իրավունքով պատկանող «Նիսսան Պատֆայնդեռ» մակնիշի ավտոմեքենան «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` հանդիսանում է հարկվող օբյեկտ, որի համար հարկատուն պարտավոր է կատարել գույքահարկի վճարումներ։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան, իսկ 8-րդ մասի համաձայն՝ պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում։
Սույն գործով հայցադիմումը հայցվորի կողմից 03.10.2012թ. ներկայացվել է ՀՀ վարչական դատարան։ Պատասխանողի կողմից դատարան չի ներկայացվել հայցադիմումի պատասխան, ինչը դատարանը գնահատում է որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում։

Դատարանը հաստատված է համարում, որ պատասխանողի պարտքը Երևանի բյուջեին գույքահարկի գծով 2011թ. համար կազմում է 141.243 դրամ, որից ապառք` 98.840 դրամ, տույժ` 42.403 դրամ, որը ենթակա է բռնագանձման դատական կարգով։

Ուստի դատարանը վճռեց հայցը բավարարել:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել