Ռուսաստանը Սյունիքում ստեղծված իրավիճակի պատճառով «հույզերը սրելու» հիմքեր չի տեսնում։ Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանին և Բաքվին սահմանազատման հարցում, այսօր՝ մայիսի 17-ին, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Ոչ մի կրակոց չի արձակվել, այնտեղ ոչ մի փոխհրաձգություն տեղի չի ունեցել: Մենք նստեցինք, հանգիստ սկսեցինք պայմանավորվել, թե ինչպես կարելի է մեղմել այս իրավիճակը: Նրանք մեզանից օգնություն խնդրեցին, մեր զինվորականներն այդպիսի օգնություն ցույց տվեցին, պայմանավորվածություն ձեռք բերվեց», – ասել է Լավրովը:
«Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, ապա ադրբեջանական կողմը այդ միջադեպից հետո հայտարարություններ էր անում՝ տեղի ունեցածը բացատրելով թյուրիմացությամբ և, ամենակարևորը, սահմանի բացակայությամբ, որը սահմանազատված և սահմանագծված պետք է լիներ։ Այնտեղ ոչ ոք երբեք դրանով չի զբաղվել։ Մենք կողմերին առաջարկել ենք, որ նրանք դրանով զբաղվեն։ Մենք պատրաստ ենք աջակցել նրանց ՝ և քարտեզագրական նյութեր տրամադրելու, և խորհրդատվական ծառայություններ մատուցելու հարցում»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել:
Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զինատեսակի կիրառմամբ դեպք չի գրանցվել: Միաժամանակ, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: