Չեք կարող բերել նույնիսկ մեկ օրինակ, երբ հաշվեհարդար եմ տեսել նախորդ իշխանության որևէ մեկ ներկայացուցչի հետ․ Ռոբերտ Քոչարյան

Ազատության հրապարակում այսօր՝ մայիսի 9-ին, տեղի է ունենում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ–ի և «Վերածնվող Հայաստանի» քաղաքական համագործակցությանը նվիրված միջոցառումը։ Լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, ասաց․

«Ես իշխանության եմ եկել 1998 թվականին, և չեք կարող բերել նույնիսկ մեկ օրինակ, երբ հաշվեհարդար եմ տեսել նախորդ իշխանության որևէ մեկ ներկայացուցչի հետ։ Ուրեմն մի հորինեք մի բան, որը գոյություն չունի»։

Ռոբերտ Քոչարյանը իր ելույթում նաև նշել էր, թե ինչու է համագործակցում հենց ՀՅԴ–ի և «Վերածնվող Հայաստանի» հետ։

«Ինչու՞ Դաշնակցություն։ Որովհետև սա այն կուսակցությունն է, որ աշխարհով մեկ պայքարել է և պայքարում է հայերի ինքնությունը պահպանելու համար, սա նաև այն կուսակցությունն է, որի հետ ունեմ երկարատև համագործակցության փորձ։ Դաշնակցությունը եղել է կառավորության անդամ իմ նախագահության տարիների ժամանակ, նույնիսկ երբ կոալիցիա դեռ ձևավորված չէր։ Փորձը արդյունավետ է, արդյունքները կան, և բոլորդ այդ արդյունքների ականատեսն եք եղել։ Ինչու՞ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը, որը ծնվել է Սյունիքում և հիմա տարածվում է Հայաստանով մեկ։ Որովհետև Սյունիքն այսօր ներկա սպառնալիքների էպիկենտրոնն է Հայստանի համար։ Սյունիքից է կախված՝ մենք մնալու՞ ենք որպես գործոն այս տարածաշրջանում, թե՞ դառնալու ենք կցորդ այս տարածաշրջանում։ Այստեղ վտանգները լուրջ են, և կարծում եմ՝ Սյունիքը այսօր մեր այս պահի պայքարի սիմվոլն է»,- ասել է Քոչարյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել