Հաստատվել է անձի մահից հետո դոնոր հանդես գալու գրավոր անհամաձայնություն ներկայացնելու կարգը

Ապրիլի 26-ին առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը նոր հրաման է ստորագրել, որով հաստատել է անձի մահից հետո դոնոր հանդես գալու գրավոր անհամաձայնություն ներկայացնելու կարգը։ Հրամանը ուժի մեջ է մտնում մայիսի 10-ին։

ԿԱՐԳ

ԱՆՁԻ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ ԴՈՆՈՐ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ԳՐԱՎՈՐ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

1. Սույն կարգով կարգավորվում են կենդանության օրոք անձի՝ իր մահից հետո որպես օրգանների և (կամ) հյուսվածքների դիակային դոնոր (այսուհետ` դիակային դոնոր) հանդես գալու գրավոր անհամաձայնության ներկայացման հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 30-ի 420-Ն որոշմամբ սահմանված կարգով առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող ընտանեկան բժշկի կամ տեղամասային թերապևտի (այսուհետ` բժիշկ) մոտ գրանցվելիս կամ հերթական այցի ժամանակ, քաղաքացին ծանուցվում է դիակային դոնոր հանդես գալու գրավոր անհամաձայնություն ներկայացնելու իր իրավունքի վերաբերյալ, ինչի մասին գրառում է կատարվում քաղաքացու ամբուլատոր բժշկական քարտում:

3. Սույն կարգի 2-րդ կետով սահմանված կարգով ծանուցվելուց և քաղաքացու կողմից դիակային դոնոր հանդես գալու գրավոր անհամաձայնություն ներկայացնելու որոշում կայացնելուց հետո, բժիշկը քաղաքացու ամբուլատոր բժշկական քարտում կատարում է գրառում` դիակային դոնոր հանդես գալու անհամաձայնության վերաբերյալ, որը ստորագրվում է քաղաքացու կողմից։

4. Բժիշկը էլեկտրոնային առողջապահության համակարգ է մուտքագրում անձի՝ որպես դիակային դոնոր հանդես գալու գրավոր անհամաձայնություն ներկայացնելու մասին տեղեկությունը:

5. Անձը դիակային դոնոր հանդես գալու գրավոր անհամաձայնություն ներկայացնելու մասին իր որոշումը կարող է փոխել բժշկի մոտ առանց սահմանափակումների:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել