«Լուսավոր Հայասատան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն այսօր՝ ապրիլի 28-ին, Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց, որ Սյունիքը դարձել է Հայաստանի կիզակետը:
«Ես հասկանում եմ պատճառները, թի ինչու ենք ազգովի դարձել սյունիքագետ, բայց մի շատ կարևոր բան մենք անտեսում ենք: Սյունիքը Հայաստանի ոչ թե պառակտող աշխարհամասը պետք է լինի, այլ՝ միավորող»,-ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ ալիևյան նկրտումների ֆոնին, որոշ ուժեր պրկված են պահում քաղաքացու նյարդերը և կեղծ լուրեր են տարածում Սյունիքի վերաբերյալ:
«Ձեր ահաբեկիչ նոտաները փշրվում, թափվում են հենց զանգերի մոտ, ձեր էժան ինքնահաստատումներով հեռու մնացեք Սյունիքից: Մենք պետք է Արցախը Հայաստանին միավորող քայլերով զբաղված լինենք, մինչդեռ Սյունիքը տարանաջատելու փորձեր են արվում»,-նշեց Սրբուհի Գրիգորյանը:
Ըստ նրա՝ տարիներ շարունակ իշխանական բոլոր լծակներով մարդկանց ստիպել են անել այն՝ ինչ ուզել են:
«Ինձ էլ են աշխատանքից ազատել միայն նրա համար, որ հանդգնել էի դեմ կանգնել պարտադրանքին և չընտրել իրենց ասած պատգամավորի թեկնածուին: Բռնությունը չի կարող երկար ճանապարհ գնալ, ո՞ւր են հիմա պրիմիտիվ բռնակալները, իսկ ես այստեղ եմ, ԱԺ-ի թիվ մեկ ամբիոնի մոտ: Մենք պետք է տեր կանգնենք մեր ազատություններին, արժանապատվությանը, մեր երկրին»,-ասաց նա:
Սրբուհի Գրիգորյանը նշեց, որ պետք է վերադառնալ առանց հայհոյանքների կյանքին. «Որևէ մեկը թող հույս չունենա, որ գյադայական պահվածքով կարող է երկար ճանապարհ անցնել, տեղային բռնություններ բեմադրել և ընտրություններին փորձել պարտադրել: Մենք կանգնելու ենք բոլոր ազատ ընտրել ցանկացող քաղաքացիների կողքին: Մեր թիվ մեկ օրակարգը պետք է լինի բանակի արդիականացումը, սոցիալական բեռի թեթևացումը»,-ասաց նա: