Դատարանն իր դատական ակտով չի կարող փոխարինել վարչական մարմնին և իրացնել վերջինիս հայեցողությունը

Վ.Չոլախյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության` բարենպաստ վարչական ակտ կայացնելուն, այն է` իրեն և իր ընտանիքի անդամներին, համաձայն անօթևանների հերթացուցակում երկուսենյականոց բնակարան ստացողների հերթի, բնակարան տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին։

Դիմելով դատարան` հայցվորը հայտնել է, որ մինչև երկրաշարժը ինքն իր 5 անձից բաղկացած ընտանիքով հաշվառված են եղել և բնակվել են ք.Գյումրի, Վ.Սարգսյան (նախկինում Լենինգրադյան) փողոցի 15ա շենքի թիվ 44 բնակարանում։ Երկրաշարժի հետևանքով նշված շենքը փլվել է։ 10.06.1999թ.-ի թիվ 432 որոշման համաձայն` իրենց ընտանքը Գյումրու քաղաքապետարանում հաշվառվել է որպես բնակարանի կարիք ունեցող ընտանիք (անօթևան)։ Հերթացուցակում իրենց համարը եղել է 1243-ը։ Համաձայն ՀՀ կառավարության 1024-Ն որոշման` աղետի գոտու անօթևան ընտանիքները պետք է վերահաշվառվեին։

2008թ. հոկտեմբերին ներկայացել է Գյումրու քաղաքապետարան և ներկայացրել է իրենց փաստաթղթերը վերահաշվառման։ Ներկայացրած փաստաթղթերը իրենց հասցեն ճշտելուց հետո չեն վերցրել։ Միայն 2009թ. հունվարին, երբ կրկին կամեցել է իմանալ` երբ են բնակարան ստանալու, իրեն տեղեկացրել են, որ դեռևս 2006թ. իրենք հաշվառումից հանվել են, և իր համար վերահաշվառման խոչընդոտ է հանդիսացել որդու` Ա.Չոլախյանի, բնակարանային պայմանների բարելավումը։ Գրավոր դիմել են քաղաքապետին, վերջինս իրենցից պահանջել է Ա.Չոլախյանի կողմից բարեգործական ծրագրով գումար ստանալու վերաբերյալ պայմանագիրը։

2011թ.-ին հայցվորը դիմել է քաղաքաշինության նախարարություն` խնդրելով իր և իր ընտանիքին անդամներին երկուսենյականոց բանակարան տրամադրել։ 19.10.11թ.-ին ստացել է գրություն այն մասին, որ իրենց բնակարան չի տրամադրվում, քանի որ 2008թ.-ի նոյեմբերի 1-ի դրությամբ իրենք հաշվառված չեն եղել անօթևանների հերթացուցակում։

Դատարանի եզրահանգմամբ՝ վարչական գործի փաստական հանգամանքների համաձայն, վարչական մարմինը` աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների /բնակարանների/ հատկացման հարցերով հանձնաժողովը, օրենքով սահմանված կարգով քննության չի առել Վ.Չոլախյանին և նրա ընտանիքի անդամներին բնակարան հատկացնելու հարցը, համարելով որ հայցվորը և նրա ընտանիքի անդամները ընդգրկված չեն Գյումրու քաղաքապետի կողմից 2008թ. նոյեմբերի 1-ի դրությամբ հաստատված բնակարան արտահերթ ստանալու համար հաշվառված քաղաքացիների հերթացուցակում։ Այսինքն հանձնաժողովը, որպես այդպիսին, վարչարարություն չի իրականացրել, հետևաբար և չի մերժել բարենպաստ վարչական ակտ ընդունելու հայցվորի պահանջը։ Վարչական դատարանը գտնում է, որ դատարանն իր դատական ակտով չի կարող փոխարինել վարչական մարմնին և իրացնել վերջինիս հայեցողությունը։ Եթե վարչական մարմնին է տրված մի քանի իրավաչափ լուծումներից որևէ մեկի ընտրության իրավունքը, ապա դատարանը չի կարող յուրացնել այդ հայեցողությունը և վարչական մարմնի փոխարեն որոշել, թե հատկապես որ լուծումը պետք է ընտրվի։ Հակառակ պարագայում կխախտվի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5-րդ հոդվածով ամրագրված իշխանությունների բաժանման սկզբունքը։

Ուստի դատարանը վճռեց հայցը մերժել։

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել