Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանին հրավիրել է բոքսի։ Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում։
«Քանի որ այս անպատժելիության մթնոլորտը իրենց համար սովորական բնույթ է կրում, իրենք (խմբ․ գործող իշխանությունները) ինչ ուզում, անում են, ինչ ուզում, ասում են։ Եվ քանի որ Հրաչը առաջարկել է ինձ, որ տեղը, ժամը և ֆորմատը ես ընտրեմ, ես սիրով առաջարկում եմ հետևյալ ֆորմատը»,- նշել է նա։
Հարցին, թե ինչու է նման առաջարկ արել, Վահե Հակոբյանը պատասխանել է․
«Որովհետև իրենք սովոր են, որ հետո գնան ոստիկանություն, դիմումներ գրեն, քրեական գործեր հարուցեն, ես առաջարկում եմ ապրիլի 25-ին իրենց հորինած Քաղաքացու օրվա կապակցությամբ հին, ավանդական, բարի բոքսը՝ բոքսի օրենքներով, բոքսի ռինգում։ Անգամ կարող եմ ժամը և տեղն էլ ասել՝ Orange սպորտային համալիր, բոքսի դահլիճ, ժամը 12:00-ին»։
Ավելի վաղ Հրաչյա Հակոբյանը ասել էր, որ ինքը պատրաստ է հանդիպել Վահե Հակոբյանի հետ։
«Վահե Հակոբյանը մենախոսությունն անգամ չգիտի՝ ինչ է, իսկ եթե նա նկատի ունի, որ ցանկանում է հանդիպել ինձ հետ, դա բոլորովին այլ բան է։ Ես պատրաստ եմ հանդիպել իր հետ առանց ոստիկանների, դա ինքն է, որ ախռանայով է ման գալիս անգամ իր Սյունիքում։ Ես պատրաստ եմ հանդիպել իր հետ։ Պարզապես թող նա ասի՝ ի՞նչ ձևաչափով է պատկերացնում այդ հանդիպումը, որտե՞ղ և ե՞րբ։ Եվ ես նրան տալիս եմ 24 ժամ ժամանակ»,- ասել էր նա։