Շուշիի համայնքի ղեկավարը տեղահանվածների ցուցակում ներառել է կեղծ տեղեկություններ և պետությանը պատճառել 2.100.000 դրամի վնաս․ ԱՀ դատախազություն

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունը հայտնում է․

«Արծվիկ Սարգսյանը զբաղեցնելով ԱՀ Շուշիի համայնքի ղեկավարի պաշտոնը, որպես պաշտոնատար անձ ԱՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ունենալով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնելու լիազորություններ, 2021 թվականի հունվարի 15-ից հանդիսանալով ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիների աջակցման ծրագրի շրջանակներում Շուշիի վարչակազմի 2021 թվականի հունվարի 15-ի թիվ 1 որոշմամբ ստեղծված հանձնաժողովի նախագահ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, ֆինանսական աջակցություն ցույց տալու կարեկցանքով պայմանավորված և հանձնաժողովի անդամների օժանդակությամբ համայնքի շահառուների ցուցակներում ներառել է թվով 7 քաղաքացիների վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ իբր նրանք նախքան պատերազմական գործողություններն սկսելը, վերջին երեք ամիսների ընթացքում, փաստացի բնակվել են Շուշի քաղաքում: Արդյունքում հիշյալ ցուցակներն ուղարկվել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որի հիման վրա վերջիններս ստացել են տեղահանվածներին տրամադրվող միանվագ 300.000-ական ՀՀ դրամ գումարի չափով աջակցություն, ինչի հետևանքով էլ պետությանը պատճառվել է ընդհանուր առմամբ 2.100.000 ՀՀ դրամի նյութական վնաս:

Սույն դեպքերի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով, 332-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածի 5-րդ մասով, 322-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածի 5-րդ մասով և 332-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Հիշյալ քրեական գործով դատախազական հսկողությունն ու դատավարական ղեկավարումն իրականացնում է գլխավոր դատախազության կոռուպցիոն, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժինը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել