Սահմանվում է նախադպրոցական ուսհաստատությունների` պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգը․ նախագիծ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որով սահմանվում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների` պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգը։

Նախագծի հիմնավորման համաձայն ակնկալվում է․

1) նախադպրոցական ծառայությունների իրականացման նյութատեխնիկական և ուսումնանյութական հիմքերի բարելավում, նախադպրոցական հաստատությունների գործունեության ֆինանսավորման հստակ մեխանիզմների առկայություն,

2) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նախադպրոցական հաստատություններ ներգրավման և զարգացման պայմանների համար ֆինանսավորման հստակ մեխանիզմներ,

3) սոցիալական տարբեր խմբեր կստանան նախադպրոցական ծառայություններից օգտվելու ընդլայնված հնարավորություններ,

4) նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածության, նախադպրոցական կրթական ծառայությունների մատչելիության շարունակական ապահովում,

5) երեխաների կյանքի և առողջության պայմանների բարելավման, խնամքի, սննդի կազմակերպման, ուսումնանյութական բազայի ամրապնդման համար իրավական հիմքի ապահովում,

6) նախադպրոցական հաստատությունների գործունեությունը հատկապես գյուղական համայնքներում կկրի ավելի կայուն և շարունակական բնույթ՝ ի հաշիվ պետական աջակցության:


ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՄԵԿ ՍԱՆԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ 
ԿԱՐԳ

1․Սույն կարգով կարգավորվում են նախադպրոցականուսումնական հաստատությունների (այսուհետ` հաստատություն)` մեկ սանի հաշվարկով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները, այդ թվում՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորման բարձրացված չափաքանակը:

2․ Հաստատությանը պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորումն իրականացվում է հետևյալ խբերի սաների համար.

1) 2022 թվականի սեպտեմբերի 1-ից՝ սոցիալական գնահատման համակարգում հաշվառված և 28 և ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող երեխաները,

2) 2023 թվականի սեպտեմբերի 1-ից՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները,

3) 2024 թվականի սեպտեմբերի 1-ից՝ երեք և ավելի երեխա ունեցող ծնողի (ծնողների) երեխաները,

4) 2025 թվականի սեպտեմբերի 1-ից՝ զինծառայող ծնողի (ծնողների) երեխաները։

3․ Հաստատությանը պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորումն իրականացնելու նպատակով հաստատության կառավարումն իրականացնող լիազոր մարմինը հավաքագրում և բյուջետային հայտ կազմելու նպատակով տարածքային կառավարման մարմին (Երևանի քաղաքապետարան) է ներկայացնում համապատասխան տեղեկատվություն՝ սույն կարգի 2-րդ կետում նշված խմբերում ընդգրկվող սաների մասին։

4․ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը սույն կարգի 3-րդ կետում նշված տեղեկատվության հիման վրա պլանավորում և համապատասխան միջոցներ է նախատեսում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաջորդ տարվա նախագծում։

5․ Պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման գումարը որոշվում է տվյալ Հաստատության տարեկան ֆինանսավորման չափը բաժանելով այդ հաստատության սաների միջին տարեկան քանակի վրա, որը հաշվարկվում է հունվարի 1-ի քանակի կրկնապատիկի և սեպտեմբերի 1-ի քանակի հանրագումարը հարաբերելով 3-ի։

6․ Հաստատության տարեկան ֆինանսավորման չափը որոշվում է հետևյալ բանաձևով.

ՀՏֆ = (ԱԱֆ + ԲԼլ) x 12 + Պծ + ՍԳ

որտեղ՝

ՀՏֆ-ն հաստատության տարեկան ֆինանսավորման չափն է,

ԱԱֆ-ն հաստատության անձնակազմի ամսական աշխատավարձային ֆոնդն է,

ԲԼլ-ն բարձրլեռնային բնակավայրերի շարքում դասվող բնակավայրերում տեղակայված հաստատությունների աշխատողներին բարձրլեռնային վայրերում աշխատելու համար տրվող լրավճարն է,

Պծ-ն հաստատության պահպանման տարեկան ծախսերն են,

ՍԳ-ն սննդի տարեկան գումարն է:

7․ Հաստատության անձնակազմի ամսական աշխատավարձային ֆոնդը (ԱԱֆ-ն) հաշվարկվում է Կառավարության կողմից սահմանված պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի դասակարգման չափանիշներին համապատասխան՝ Հաստատության վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի մեկ դրույքի համար բազային աշխատավարձի նկատմամբ կիրառելով հետևյալ գործակիցները.

վարձատրության խումբը վարձատրության խմբի համար կիրառվող գործակիցը
1 1.0000
2 1.1109
3 1.2219
4 1.2347
5 1.3183

1) Հաստատության վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի մեկ դրույքի համար բազային աշխատավարձը ընդունվում է հավասար՝ 93300 ՀՀ դրամ,

2) 5 և ավելի խումբ ունեցող Հաստատության տնօրենի մեկ դրույք աշխատավարձի համար կիրառելի է նաև 1,15 գործակիցը, 10 և ավելի խումբ ունեցող Հաստատության տնօրենի մեկ դրույք աշխատավարձի համար՝ նաև 1,3 գործակիցը,

3) 10 և ավելի խումբ ունեցող Հաստատության գլխավոր հաշվապահի և բուժքույրի մեկ դրույք աշխատավարձի համար կիրառելի է նաև 1,15 գործակիցը։

8․ Բարձրլեռնային բնակավայրերի շարքում դասվող բնակավայրերում տեղակայված հաստատությունների աշխատողներին բարձրլեռնային վայրերում աշխատելու համար տրվող լրավճարի չափը (ԲԼլ-ն) որոշվում է տվյալ հաստատության աշխատակիցների դրույքների թվի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած պետական մարմին չհամարվող պետական բյուջետային հիմնարկների աշխատողներին բարձրլեռնային վայրերում աշխատելու համար տրվող լրավճարի (աշխատաժամանակի նորմալ կամ կրճատ տևողության դեպքում) չափի արտադրյալով։

9․ Հաստատության պահպանման տարեկան ծախսերը (Պծ-ն) ներառում են հետևյալ ծախսատեսակները․

1) էլեկտրոմատակարարման ծախսերը, որը որոշվում է վերջին երեք տարվա փաստացի ծախսերի միջինով /հաշվի առնելով սակագնային փոփոխությունները/,

2) բնական գազի մատակարարման և սպասարկման ծախսերը, որը որոշվում է վերջին երեք տարվա փաստացի ծախսերի միջինով /հաշվի առնելով սակագնային փոփոխությունները/,

3) այլ տիպի ջեռուցման ծախսերը, որը որոշվում է վերջին երեք տարվա փաստացի ծախսերի միջինով, ընդ որում, ջեռուցման մի տեսակից մյուսին անցնելիս հիմք է ընդունվում համանման ջեռուցման համակարգ և ծավալներ ունեցող հաստատության տվյալ տեսակի ծախսերը,

4) ջրամատակարարման և ջրահեռացման ծախսերը, որը որոշվում է վերջին երեք տարվա փաստացի ծախսերի միջինով /հաշվի առնելով սակագնային փոփոխությունները/,

5) աղբահանման ծախսերը, որը հավասար է Աղբահանության և սանիտարական մաքրման մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կրթական և ուսումնական նշանակության շենքերի և շինությունների աղբահանության վճարի տարեկան չափին,

6) կապի ծառայությունների (ներառյալ համացանցը) ծախսերը, որը հաշվարկվում է.

մինչև 5 խումբ ունեցող հաստատությունների համար՝ տարեկան 129,2 հազ. դրամ,

5-ից 10 խումբ ունեցող հաստատությունների համար՝ տարեկան 139,5 հազ. դրամ,

10 և ավելի խումբ ունեցող հաստատությունների համար՝ տարեկան 170,6 հազ. դրամ,

7)  տնտեսական ապրանքների և նյութերի համար նախատեսված ծախսերը, որը յուրաքանչյուր գործող խմբի համար հաշվարկվում է տարեկան 147,0 հազ. դրամի չափով,

8) գրասենյակային ապրանքների և նյութերի համար նախատեսված ծախսերը, որը յուրաքանչյուր գործող խմբի համար հաշվարկվում է տարեկան 27,9 հազ. դրամի չափով,

9) ուսումնամեթոդականուսումնաօժանդակ ձեռնարկներիուսումնադիտողական նյութերի և ուսումնադիդակտիկ պարագաների համար նախատեսված ծախսերըորը յուրաքանչյուր գործող խմբի համար հաշվարկվում է.

կրտսեր խմբերի համար՝ տարեկան 72,5 հազ. դրամի չափով,

միջին խմբերի համար՝ տարեկան 117,2 հազ. դրամի չափով,

ավագ խմբերի համար՝ տարեկան 304,8 հազ. դրամի չափով,

10) բժշկական ծառայությունների, ինչպես նաև դեղորայքի և բժշկական նյութերի համար նախատեսված ծախսերը, որը յուրաքանչյուր գործող խմբի համար հաշվարկվում է տարեկան 38,7 հազ․ դրամի չափով,

11) Համակարգչային ծրագրերի և կայքի սպասարկման համար նախատեսված ծախսերը, որը յուրաքանչյուր հաստատության համար հաշվարկվում է տարեկան 105,0 հազ. դրամի չափով,

12) Տարեկան գույքագրման, հիմնական միջոցների վերագնահատման համար նախատեսված ծախսերը, որը յուրաքանչյուր հաստատության համար հաշվարկվում է.

մինչև 5 խումբ ունեցող հաստատությունների համար՝ տարեկան 30,0 հազ․ դրամ,

5-ից 10 խումբ ունեցող հաստատությունների համար՝ տարեկան 50,0 հազ․ դրամ,

10 և ավելի խումբ ունեցող հաստատությունների համար՝ տարեկան 80,0 հազ․ դրամ,

13) այլ ծառայությունների ձեռքբերման համար նախատեսված ծախսերը, որը յուրաքանչյուր գործող խմբի համար հաշվարկվում է տարեկան 38,7 հազ․ դրամի չափով։

10․ Հաստատությանը հատկացվող սննդի տարեկան գումարը (ՍԳ-ն) հավասար է հաստատության սաների քանակի, տարվա ընթացքում սննդի հատկացման օրերի թվի և 420 ՀՀ դրամի արտադրյալին, որը տարվա արդյունքերով ենթակա է ճշտգրկման՝ հիմք ընդունելով սաների փաստացի հաճախումները։

11․ Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքով սաներ ունեցող Հաստատությունների ֆինանսավորումն իրականացվում է բարձրացված չափաքանակով, որը հավասար է․

1) կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքով սաների տեսակարար կշիռը Հաստատության սաների ընդհանուր թվում 10 տոկոսից փոքր լինելու դեպքում՝ սույն կարգով հաշվարկված հաստատության տարեկան ֆինանսավորման չափի 1 տոկոսին,

2) կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքով սաների տեսակարար կշիռը Հաստատության սաների ընդհանուր թվում 10-ից 30 տոկոս լինելու դեպքում՝  հաստատության տարեկան ֆինանսավորման չափի 2,5 տոկոսին,

3) կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքով սաների տեսակարար կշիռը Հաստատության սաների ընդհանուր թվում 30 տոկոսից ավելի  լինելու դեպքում՝  հաստատության տարեկան ֆինանսավորման չափի 4 տոկոսին։

12․ Ընդ որում.

1) Հաստատությունում չորսժամյա աշխատանքային օր սահմանված լինելու դեպքում՝  սույն կարգով հաշվարկված հաստատության տարեկան ֆինանսավորման չափի նկատմամբ կիրառելի է 0,5 գործակիցը,

2) Հաստատությունում քսանչորսժամյա աշխատանքային օր սահմանված լինելու դեպքում՝ սույն կարգով հաշվարկված հաստատության տարեկան ֆինանսավորման չափի նկատմամբ կիրառելի է 2,5 գործակիցը։

3) Հաստատությունում վեցօրյա աշխատանքային շաբաթ սահմանված լինելու դեպքում սույն կարգով հաշվարկված հաստատության տարեկան ֆինանսավորման չափի նկատմամբ կիրառելի է 1,2 գործակիցը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել