Հիվանդությունների, վիճակների ցանկ, որոնց պարագայում թույլ չի տրվում կամ ցանկալի չէ երեխաների առկա ուսուցման կազմակերպումը COVID-19 համավարակի ընթացքում

Հիվանդությունների, վիճակների ցանկ, որոնց պարագայում թույլ չի տրվում կամ ցանկալի չէ երեխաների առկա ուսուցման կազմակերպումը COVID-19 համավարակի ընթացքում: Ցանկը հրապարակվել է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում։

Ա. Թույլ չի տրվում այցելել դպրոց որևէ սուր վարակային հիվանդության սուր զարգացած նշան (կոկորդացավ, ջերմություն, հազ, փսխում, փորլուծություն, ցանավորում) ունեցող երեխաներին:

Բ. Առցանց ուսուցումը խորհուրդ է տրվում ռիսկի խումբ հանդիսացող քրոնիկ հիվանդության սրացման կամ դեկոմպեսնացիայի փուլում, որը ուղեկցվում է որևէ օրգանի ֆունկցիայի արտահայտված խանգարմամբ, հորմոնալ կամ այլ իմունուսուպրեսիվ դեղամիջոցներ ստացող երեխաներին:

Գ. Բուժող բժշկի խորհրդատվությամբ առկա ուսուցմանը կարող են մասնակցել ռիսկի (խոցելի) խումբ հանդիսացող, քրոնիկ և / կամ ձգձգվող ընթացքով հիվանդություններ ունեցող, կայուն, կոմպենսացված վիճակում գտնվող, ֆունկցիայի թեթև խանգարում ունեցող երեխաները:

Նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման հետևանքով ստեղծված իրավիճակում երեխաների խոցելի խմբերը

(կրթության առկա ձևով կազմակերպելը կարող է վտանգել ներքոհիշյալ հիվանդություններով և/կամ վիճակներով երեխաների առողջությունը)

  1. Վարակիչ հիվանդություններ. ՄԻԱՎ, հեպատիտներ, տուբերկուլյոզ:
  2. Նորագոյացություններ:
  3. Արյան և արյունաստեղծ օրգանների հիվանդություններ. սակավարյունություն, արյան մակարդման համակարգի խանգարումներ, իմուն խանգարումներ:
  4. Ներզատական համակարգի հիվանդություններ, սնուցման և նյութափոխանակության խանգարումներ. շաքարախտ, ճարպակալում, վահանագեղձի և այլ էնդոկրին օրգանների հիվանդություններ, սնուցման ծանր խանգարումներ, մեթաբոլիկ հիվանդություններ:
  5. Հոգեկան կամ վարքի խանգարումներ. աուտիզմ, օրգանական ախտահարումներ, շիզոֆրենիա, աֆեկտիվ վիճակներ, նևրոտիկ վիճակներ, մտավոր հետամնացություն, հոգեբանական, վարքագծային և հուզմունքային այլ խանգարումներ:
  6. Նյարդային համակարգի հիվանդություններ. մանկական ուղեղային կաթված, էպիլեպսիա, ատրոֆիկ և դեգեներատիվ ախտահարումներ, գլխուղեղի անոթային հիվանդություններ:
  7. Արյան շրջանառության համակարգի հիվանդություններ. ռևմատիկ տենդ, զարկերակային գերճնշում, սրտի բորբոքային հիվանդություններ, կարդիոմիոպաթիաներ, սրտային անբավարարություն:
  8. Շնչառական օրգանների հիվանդություններ. ասթմա, վերին և ստորին շնչուղիների քրոնիկ հիվանդություններ, շնչառական անբավարարություն:
  9. Մարսողական օրգանների հիվանդություններ. աղիների բորբոքային հիվադնություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ:
  10. Ոսկրամկանային համակարգի և շարակցական հյուսվածքի հիվանդություններ. համակարգային շարակցահյուսվածքային հիվանդություններ, հոդաբորբեր:
  11. Միզասեռական համակարգի հիվանդություններ. գլոմերուլյար հիվանդություններ, երիկամային անբավարարություն:
  12. Բնածին զարգացման արատներ, անոմալիաներ՝ ներառյալ որևէ օրգանի ձևափոխումներ, ֆունկցիայի արտահայտված խանգարումով:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել