Զբաղվածության ծրագրերը դառնալու են աղքատության հաղթահարման լավագույն գործիքը․ նախարարը՝ ԱԱԾ վերջին բացահայտման մասին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն անդրադարձել է Ազգային անվտանգության ծառայության վերջին բացահայտումներից մեկին՝ Զբաղվածության պետական գործակալության Գյումրիի տարածքային կենտրոնի վերաբերյալ։

«Ցավում եմ, որ պետական համակարգում դեռևս կան պետական ծառայողներ, ովքեր չեն գիտակցում քաղաքացու հանդեպ իրենց բացառիկ առաքելությունը։ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Զբաղվածության պետական գործակալության Գյումրիի տարածքային կենտրոնի 9 աշխատակցի՝ այդ թվում նաև տնօրենին։

Չարաշահումներն ստանալու են իրենց իրավական գնահատականը․ դրանց հանդեպ իրավապահ մարմինների արձագանքը կա ու լինելու է ծայրահեղ խիստ։

Զբաղվածության պետական գործակալությունն այսօր, ցավոք, չի իրականացնում իր առաքելությունն այն ծավալով, որը համարվում է մեր նպատակը։ Միևնույն ժամանակ, նախարարությունն այն ամբողջովին բարեփոխելու և զբաղվածության ծրագրերն առաջիկայում օպտիմալացնելու աշխատանքներ է տանում։

Նախատեսվող փոփոխություններից հետո կբարելավվի աշխատանք փնտրող մարդու և գործատուների արդյունավետ կապը՝ նվազեցնելով սուբյեկտիվ և վարչարարական ռիսկերը։

Միասնական սոցիալական ծառայության ստեղծման շրջանակում՝ զբաղվածության ծրագրերը դառնալու են աղքատության հաղթահարման լավագույն գործիքը»,-նշում է նախարարը։

Ինչպես արդեն հայտնել ենք, քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցության պայմաններում՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի քննիչների կողմից ձերբակալվել են ընդհանուր թվով 9-ը անձինք, որոնցից 8-ը կին, այդ թվում՝ զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրենը, տեղակալը, ինչպես նաև նրանց ենթակայության ներքո գտնվող թվով 6-ը մասնագետները, ովքեր, բոլորը, այդ թվում՝ կենտրոնի տնօրենը, գործով ձեռք բերված անհերքելի փաստերի ճնշման ներքո, տվել են խոստովանական ցուցմունքներ և աջակցել են նախաքննական մարմնին կոռուպցիոն մեխանիզմի ամբողջական բացահայտման համար:

Քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են նաև զբաղվածության կենտրոնի աշխատակիցներին կաշառք տված քաղաքացիների ինքնությունները, որոնցից մեկը ձերբակալվել է, իսկ մյուսների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Կատարված երկու տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են գործի համար նշանակություն ունեցող բազմաթիվ իրեր, այդ թվում՝ կաշառքի գումարներ, կաշառք տված անձանց վերաբերյալ գրառումներ պարունակող փաստաթղթեր, նոթատետրեր և այլն:

Քրեական գործով վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշումներ են կայացվել հանրային ծառայության մեջ գտնվող կասկածյալների պաշտոնավարությունները ժամանակավոր դադարեցնելու վերաբերյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել