«Հանուն Հանրապետության» կուսակցությունը ողջունում է ձեռք բերված համաձայնությունը 2021-ի հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ Մեր հայրենիքին պատուհասած ներքաղաքական և արտաքին քաղաքական մարտահրավերներն ու ճգնաժամերը հաղթահարելու գործուն միջոցը համարում ենք բացառապես սահմանադրական ճանապարհով հաղթահարելու այլընտրանք չունեցող այս ընթացքը։ Այս մասին հյատարարություն է տարածել Հանուն Հանրապետության կուսակցության ղեկավար մարմինը։
«Միաժամանակ գտնում ենք, որ ՀՀ քաղաքացու իրական կամարտահայտման կարևորագույն նախադրյալը բարեփոխված ընտրական համակարգով ընտրությունների կայացումն է։ Միայն այս դեպքում կարելի է երաշխավորել հետընտրական քաղաքական իրականությունում քաղաքական ուժերի՝ հասարակական տրամադրություններին և համակրանքին համապատասխանող հարաբերակցության հաստատումը։
Միայն բարեփոխված ընտրական համակարգը հնարավորություն կտա քաղաքական դաշտի դերակատարներին ստանալ լեգիտիմության այն պաշարը, որի միջոցով կիրացվեն և ավարտին կհասցվեն 2018 թվականին հայ ժողովրդի արժեքային սպասումները։
Քաղաքական դաշտի բոլոր դերակատարներին, մեր բոլոր ըննդիմախոսներին և պոտենցիալ գործընկերներին հորդորում ենք լծվել ստեղծարար, քաղաքական, միմյանց նկատմամբ հանդուրժող և ատելության խոսքից զերծ քարոզարշավի։
Դիմում ենք մեր ողջ ժողովրդին՝ վաղվա օրվա հանդեպ լցվել հավատով, մասնակցել քարոզարշավին և ակտիվորեն մասնակցել ընտրություններին»,-նշված է հայտարարության մեջ։