Ինչպես է կատարվում չամուսնացած կնոջ երեխայի հայրության որոշումը

Երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող անձի հայրությունը որոշվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում՝ երեխայի հոր և մոր համատեղ դիմումի հիման վրա: Մոր մահվան կամ դատարանի կողմից վերջինիս անգործունակ ճանաչվելու կամ բնակության վայրը որոշելու անհնարինության կամ ծնողական իրավունքներից զրկվելու դեպքում երեխայի հայրությունը որոշվում է երեխայի հոր դիմումի հիման վրա՝ խնամակալության և հոգաբարձության մարմնի համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում՝ դատարանի վճռով։

Սա կարգավորվում է Ընտանեկան օրենսգրքով։

Այնպիսի հանգամանքների առկայության դեպքում, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ երեխայի ծնվելուց հետո հայրությունը որոշելու մասին համատեղ դիմում ներկայացնելը կարող է դառնալ անհնար կամ դժվարանալ, ապագա երեխայի ծնողները, որոնք ամուսնության մեջ չեն գտնվում, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմին նման դիմում կարող են ներկայացնել մոր հղիության ընթացքում։ Այդ դեպքում երեխայի ծնողների մասին գրառումը կատարվում է երեխայի ծնվելուց հետո։

Չափահաս անձի նկատմամբ հայրության որոշում թույլատրվում է միայն իր համաձայնությամբ, իսկ եթե նա դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ՝ նրա խնամակալի (հոգաբարձուի) կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի համաձայնությամբ։

Եթե բացակայում է երեխայի հոր իսկության մասին համաձայնությունը, ապա որոշակի անձից երեխայի սերված լինելու փաստը (հայրությունը) որոշվում է դատական կարգով՝ համապատասխանաբար ծնողներից մեկի, երեխայի խնամակալի (հոգաբարձուի), կամ այն անձի դիմումի հիման վրա, որի խնամքին է գտնվում երեխան, իսկ երեխայի չափահաս դառնալուց հետո՝ վերջինիս ներկայացրած դիմումի հիման վրա։ 

Հարկ է նկատի ունենալ, որ նման դեպքերում դատարանը հաշվի է առնում ցանկացած ապացույց, որը ստույգ հաստատում է, որ տվյալ երեխան սերվել է որոշակի այդ անձից:

Հայրությունը որոշելիս երեխաները ծնողների և նրանց ազգականների նկատմամբ ունեն նույնպիսի իրավունքներ ու պարտականություններ, ինչպիսիք ունեն ամուսնության մեջ գտնվող անձանցից ծնված երեխաները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել