Սա իմ հրամանն է և որևէ մեկը չի կարող դրժել այդ հրամանը․ Նիկոլ Փաշինյանը՝ ԶՈՒ բոլոր զինվորներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 25-ին, Հանրապետության Հրապարակում, հանրահավաք ժամանակ ասաց․

«Որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի ընտրված ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ իմ հրամանը Զինված ուժերի բոլոր  զինվորներին, սպաներին, գեներալներին. զբաղվում եք ձեր գործով՝ Հայաստանի Հանրապետության սահմանների և տարածքային ամբողջականության պահպանմամբ: Սա իմ հրամանն է, և որևէ մեկը չի կարող համարձակվել դրժել այդ հրամանը:

Հաջորդը՝ ի՞նչ է տեղի ունեցել այսօր: Այո՛, մեր բանակին, մեր Զինված ուժերին ոմանք  փորձել են ներքաշել հակաժողովրդական, հակասահմանադրական պրոցեսի մեջ։ Եվ այսօր ես հստակ գնահատել եմ, որ Գլխավոր շտաբի կողմից նախաձեռնված հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է, և ժողովուրդը թույլ չի տա ռազմական հեղաշրջում Հայաստանի Հանրապետությունում:

Բայց ես ուզում եմ նաև ասել, որ մեր բանակը մեր բանակն է, մեր սիրելի, մեր կողմից պաշտելի: Եվ ես համոզված եմ, որ շատ գեներալներ և բարձրաստիճան սպաներ այդ հայտարարությունն ստորագրել են իրենցից ավելի բարձրաստիճան հրամանատարների հրամանի ներքո: Ես ուզում եմ էլի ասել, իմ ասելիքն իրենց մեկն է՝ պարոնա՜յք, զբաղվում եք Հայաստանի Հանրապետության սահմանների և տարածքային ամբողջականության պահպանմամբ։ Դուք պիտի իրականացնեք ձեր գործը: Բանակը չի կարող հետ նայել, բանակը չի կարող թիկունքին նայել, բանակը չի կարող ներքաշվել քաղաքական պրոցեսի մեջ։ Բանակը պիտի ենթարկվի, միայն ու միայն ենթարկվի ժողովրդին և ժողովրդի ընտրած քաղաքական իշխանությանը:

Նա, ով այս տրամաբանությունից դուրս է գործում, գործում է ընդդեմ ժողովրդի, գործում է ընդդեմ պետության, գործում է ընդդեմ օրինականության, գործում է ընդդեմ Հայաստանի անվտանգության: Եվ ես պահանջում եմ, որ նույնիսկ այն բարձրաստիճան սպաները, որ լքել են իրենց ծառայության վայրերը՝ հենց հիմա վերադարձեք և ապահովեք երկրի անվտանգությունը: Սա է մեր հստակ  պահանջը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել