Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի թվայնացման ռազմավարությանը, ռազմավարության միջոցառումների ծրագրին և արդյունքային ցուցանիշներին: Ինչպես նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, մինչև 2025 թվականը առաջին փուլի միջոցառումների շրջանակում նախատեսվում է թվայնացման գործընթացների ստանդարտների տեղայնացում, կիբեռանվտանգության միջազգային ստանդարտների տեղայնացում և այլն: Ռազմավարության իրականացման արդյունքում, մասնավորապես, գյուղական համայնքներում կավելանա բարձրորակ ինտերնետի հասանելիությունը՝ դառնալով 80 տոկոս ներկայիս 40 տոկոսի փոխարեն, ՀՀ–ում շուրջ 300 տեսակի ծառայություններ ու 150 լիցենզիաներ հնարավոր կլինի ստանալ առցանց եղանակով։
«Մինչև 2025թ.–ը կառավարությունը բացառելու է ծառայությունների ստացման նպատակով պետական տեղական ինքնակառավարման մարմիններ այցելելու անհրաժեշտությունը։ Իրավաբանական անձանց ու ՏԻՄ–ի հետ հաղորդակցվելու են բացառապես էլեկտրոնային եղանակով։ Կառավարությունը բացառելու է քաղաքացուց տեղեկություններ ու փաստաթղթեր պահանջելու դեպքերը, եթե նման փաստաթղթերն արդեն առկա են էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանում»,– ասել է Հակոբ Արշակյանը։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հավելել է, որ առաջիկայում նաև տուգանք է սահմանվելու քաղաքացուց նույն տվյալը պահանջելու համար։ Տիգրան Ավինյանն արդրադարձել է նաև այն ծրագրերին, որոնք արդեն իսկ ընթացքի մեջ են: Մասնավորապես, պետական և համայնքային շուրջ 400 ծառայություններից օգտվելու համար մինչև 2022թ -ը մշակվելու են հեռախոսային հավելվածներ:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է թվայնացման ոլորտի նոր ծառայությունների վերաբերյալ պատշաճ իրազեկման անհրաժեշտությունը. «Մենք ունենք թվային պլատֆորմներ, որտեղ կամ պետությունը, կամ մասնավոր հատվածը միջոցներ են ներդրել, ստեղծել, բայց այդ ծառայություններից օգտվողների քանակը մեծ չէ: Կրկին բոլորիս ուշադրությունն ուզում եմ հրավիրել իրազեկման վրա, որպեսզի մարդիկ ոչ միայն իմանան, որ այդպիսի հնարավորություն կա, այլ իմանան, թե ինչ պետք է անեն այդ հնարավորություններից օգտվելու համար»:
Վարչապետը հանձնարարել է պատրաստել տեղեկանք՝ անցած տարվա ընթացքում թվայնացված բոլոր հարթակների օգտագործման ծավալների ցուցանիշի վերաբերյալ. «Աշխարհում այս առումով հեղափոխական փոփոխություններ են տեղի ունենում և չի կարելի ուղղակի հետ մնալ այդ պրոցեսներից: Թվայնացման այն տեմպերը, որ մենք ունենք այսօր, անկեղծ ասած, ինձ չեն գոհացնում: Սա սկզբունքային կարևոր հարց է և հույս ունեմ, որ այս ռազմավարության ընդունումն էականորեն և շոշափելիորեն տեմպը կփոխի»: