«Բարաք Օբամայի կողմից ցեղասպանություն բառի արտասանումը բացի ինքնաբավարարվածությունից մեզ ոչինչ չի տա: Այդ քայլով հատուցման հասնել չենք կարող»,- այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պապյանը:
Ըստ նրա՝ ցեղասպանություն բառի արտասանումը կարող է շատ փոքր ազդեցություն ունենալ Թուրքիայի վրա, այն էլ միայն այն դեպքում, եթե Թուրքիան լիներ բարոյական երկիր և համաշխարհային հասարակական կարծիքին ուշադրություն դարձներ. «Ամենայն հավանականությամբ Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը ոչինչ չի փոխի, քանի որ չկա դատարանի վճիռ, որն ի զորու է որևէ բան փոխելու: Այլ հարց է, որ Թուրքիան բարոյապես այնքան զարգանա, որ ինքնակամ ընդունի ցեղասպանությունը և ստանձնի հատուցման պարտավորություններ»:
Քաղաքագետի համոզմամբ Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության չճանաչելը արտաքին քաղաքականության հարց է. «Նրանք արտաքին աշխարհում այնքան են ներկայացել, որ իրենք շատ լավն են և Օսմանյան կայսրության մեջ մարդիկ ապրել են ինչպես դրախտավայրում, որ այժմ շատ դժվար է ընդունել իրենց պապերի մարդասպան լինելը: Իրենք համոզված են, որ թուրքերը աշխարհի ամենալավ և հանդուրժող ժողովուրդն են: Քիչ է հավանական, որ նրանք հետ կկանգնեն դրանից: Դա արդեն հեղինակության և ներքին բարոյականության խնդիր է, այլ ոչ թե վախ, որ դրանից հետո կգա հատուցման պահը»:
Աղբյուրը՝ Իրավաբան.net