Վահան Բադասյանի հայտարարությունը՝ ԱԱԾ կալանավայրից․ «Ծանր վիրավորումից ու վիրահատությունից հետո իշխանությունն ինձ ենթարկում է անմարդկային ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների»

Փաստաբան Արայիկ Պապիկյանը հրապարկել է իր պաշտպանյալի՝ Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանի հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորև․

«Ինձ խոշտանգում են կալանքի միջոցով

Զինապարտ չլինելով հանդերձ, հայրենիքի պաշտպանության անմնացորդ մղումներով, պատերազմի առաջին իսկ օրից կամովին մասնակցել եմ պատերազմին և իմ նշանակալի դերակատարումն եմ ունեցել։ Ավելի քան համոզված եմ, որ իմ արարքը հերոսություն է։

Նշվածի վկայությունն է նաև կյանքս վտանգի տակ դնելը և ծանր վիրավորում ստանալը։

Համոզված եմ, որ այդպիսի հերոսական արարքի համար պետությունը խրախուսում և պետական պարգևի է ներկայացնում։ Իսկ ենթադրյալ իրավախախտման դեպքում վերոնշյալը հաշվի է առնվում։

Իսկ ինչպես է վարվում այսօրվա իշխանությունն իմ նկատմամբ․ ծանր վիրահատություն տանելուց հետո, երբ դեռևս հետվիրահատական վերականգնման կարիք ունեմ, ազատությունից զրկելով ինձ ենթարկում է անմարդկային ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների։

Սիրելի՛ հայրենակիցներ, կոչ եմ անում Ձեզ միավորվել և Ձեր բողոքի ձայնը բարձրացնել, որպեսզի դադարեցվի իմ նկատմամբ կիրառվող ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումները։

Վահան Բադասյան, ԱԱԾ-ի կալանավայրից»։

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, բավարարելով ԱԱԾ քննիչի միջնորդությունը, Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանի նկատմամբ կալանավորումը ընտրեց որպես խափանման միջոց։

Վահան Բադասյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):

Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանին Եռաբլուրում արված իր հայտարարության համար․

«Թշնամուն մենք պետք է վերացնենք: Այո՛, զենքի միջոցով նաև: Այո՛, ես սպառնալիքի կոչեր եմ անում և գիտակցաբար եմ անում, թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել