Հնարավո՞ր է վերացնել որդեգրումը

Երեխայի որդեգրումը վերացվում է դատական կարգով:

Երեխայի որդեգրման վերացման մասին գործը քննվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ:

Որդեգրումը դադարում է երեխայի որդեգրումը վերացնելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից:

Դատարանը պարտավոր է երեխայի որդեգրումը վերացնելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում այդ վճռի քաղվածքն ուղարկել որդեգրման պետական գրանցման վայրի քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմին:

Իսկ ո՞ր դեպքերում կարող է վերացվել որդեգրումը:

Երեխայի որդեգրումը կարող է վերացվել այն դեպքերում, երբ որդեգրողները խուսափում են իրենց վրա դրված ծնողական պարտականությունները կատարելուց, չարաշահում են ծնողական իրավունքները, դաժանաբար են վարվում որդեգրված երեխայի հետ, համարվում են քրոնիկ ալկոհոլամոլությամբ կամ թմրամոլությամբ, թունամոլությամբ տառապող հիվանդներ, ինչպես նաև դատարանի կողմից մահացած կամ անհայտ բացակայող ճանաչված ծնողի ներկայանալու, դատարանի համապատասխան վճռի վերանայման, անգործունակ ճանաչված ծնողի գործունակության վերականգնման դեպքերում՝ այդ ծնողների պահանջով:

2. Դատարանը կարող է վերացնել երեխայի որդեգրումը նաև այլ հիմքերով՝ ելնելով երեխայի շահերից և հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը։

Դատական կարգով երեխայի որդեգրումը վերացնելիս որդեգրված երեխայի և որդեգրողների (որդեգրողների ազգականների) փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները դադարում են, և վերականգնվում են երեխայի ու նրա ծնողների (ազգականների) փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները, եթե դա են պահանջում երեխայի շահերը:

Որդեգրումը վերացնելիս երեխան դատարանի վճռով հանձնվում է ծնողներին։ Եթե ծնողները բացակայում են, կամ երեխային ծնողներին հանձնելը հակասում է նրա շահերին, ապա երեխան հանձնվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի խնամքին:

Որդեգրման վերացման հարցի հետ միաժամանակ դատարանը նաև որոշում է որդեգրման կապակցությամբ երեխային տրված անունը, հայրանունը և ազգանունը, ինչպես նաև ծննդյան փոփոխված ժամանակը և վայրը պահպանելու հարցը:

Տասը տարին լրացած երեխայի անունը, հայրանունը և ազգանունը փոփոխել հնարավոր է միայն նրա համաձայնությամբ:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել