Գործի փաստերում առկա են եղել իրարամերժ ապացույցներ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչությունը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ «ՖՐՈՒՏ ՎՈՐԼԴ» ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին, իսկ «ՖՐՈՒՏ ՎՈՐԼԴ» ՍՊԸ-ն` հակընդդեմ հայց ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի` 24.06.2011թ. թիվ 1013270 ակտի 4-րդ կետը և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի 02.08.2011թ. թիվ 43/3 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 15.02.2011թ. թիվ 1013270 հանձնարարագրի հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ-հետախուզության վարչության 3-րդ բաժնի աշխատակիցները 01.03.2011-24.06.2011թթ. կատարել են բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության վերստուգում, որի արդյունքում 24.06.2011թ. կազմվել է թիվ 1013270 ակտը։ Ակտի 4-րդ կետում (Ավելացված արժեքի հարկ) արձանագրվել է հետևյալը. «Վերստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը ՀՏ ներկայացրած 2009թ. հունվար ամսվա ԱԱՀ-ի հաշվարկում 16,67% դրույքաչափով հարկվող շրջանառությունը պակաս է ցույց տվել 1650000 դրամի չափով (ըստ 2009թ.-ի հունվար ամսվա ֆիսկալային հաշվետվության հասույթը կազմել է 121459700 դրամ, իսկ ԱԱՀ-ի հաշվարկով ներկայացվել է 119809700 դրամ)։ Արդյունքում պակաս հաշվարկված հարկի գումարը կազմում է 275055 դրամ (1650000×16,67) որը լրացուցիչ ենթակա է վճարման պետ. բյուջե»։

Դատարանը սույն գործով եզրահանգել է, որ գործի փաստերում առկա են եղել իրարամերժ ապացույցներ։ Մի կողմից, հայցվորը ներկայացրել է իր արտոնության իրավունքը հաստատող փաստաթղթեր, մյուս կողմից, հարկային մարմինը ձեռք է բերել այդ փաստաթղթերի իսկությունը կասկածի տակ դնող այլ ապացույցներ։ Նկատի ունենալով, որ վարչական վարույթի ընթացքում երկու տարբեր բևեռներում ապացույցների բախման պարագայում օրենսդիրը առավելությունը տալիս է մասնավոր անձին՝ դատարանը գտնում է, որ անձի ներկայացրած ապացույցների իսկությունը կասկածի տակ դնող ապացույցները միայն բավարար չեն դրանք հերքելու համար, քանի որ դրանք ապացուցման գործընթացում ընդամենը ստեղծում են հավասար իրավիճակ, որպիսի պարագայում անձի համար անբարենպաստ հանգամանքները չեն համարվում ապացուցված։

Դատարանը վճռեց հայցը ՊԵԿ-ի հայցը մերժել, իսկ ընկերության հակընդդեմ հայցը բավարարել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը որոշեց ՊԵԿ-ի վերաքննիչ բողոքը մերժել:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել