Կոչ ենք անում ՀՀ ոստիկանությանը և ուժային մյուս կառույցներին՝ չդառնալ հայրենիքը դավաճանած ռեժիմի գերին․ Հայրենիքի փրկության շարժում

«Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն է տարածել․

«Ակնհայտ է, որ քաղաքական հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունն անցել է բռնաճնշումների գործադրման նոր մեթոդների:

Քաղաքական ենթատեքստ պարունակող բազմաթիվ քրեական գործեր հարուցելու պատվերներին զուգընթաց, այսօր արդեն գործի դրվեց պատգամավորական մանդատի ուժով իրենց անձեռնմխելի համարող իմքայլական առանձին պատգամավորների անպատկառ, քաղաքացիներին կոպիտ վիրավորող, սադրիչ և բռնություն կամ դրա սպառնալիքների գործադրում ենթադրող վարքագիծ:

Առավել դատապարտելի է ոստիկանության պահվածքը, որը սանձարձակ պատգամավորների նկատմամբ օրենքով նախատեսված հարկադրանքի միջոցներ կիրառելու փոխարեն ապօրինի կերպով, բռնի ուժի գործադրմամբ խափանեց քաղաքացիների խաղաղ ակցիաները՝ բերման ենթարկելով և անազատության մեջ պահելով բազմաթիվ արժանապատիվ քաղաքացիների, ովքեր չեն հանդուրժում հայրենիքի դավաճանությունը:

Հանցագործության առերևույթ հատկանիշներ պարունակող գործողություններով այսօր բերման է ենթարկվել և շուրջ երեք ժամ անազատության մեջ պահվել 31 քաղաքացի, իսկ ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Աշոտ Սիմոնյանին Արաբկիրի ոստիկանության մոտ առևանգել և ձերբակալել են:

Սա ոչ այլ ինչ է, քան իրավական պետությունը խափանելու, ակնհայտ հոգեկան խնդիրներ ունեցող անձի իշխանությունը բռնաճնշումներով հաստատելու անհաջող փորձ:

Հայրենիքի փրկության շարժումը և փաստաբանների թիմն արդեն նախաձեռնել են անհրաժեշտ և հրատապ իրավական գործընթացներ՝ իրավախախտում թույլ տված ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին, ինչպես նաև ոստիկանության մի շարք ծառայողների քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Մենք վերահաստատում ենք հայրենիքի փրկության գործում մեր վճռականությունը: Դավաճանը օր առաջ պետք է հեռանա։

Կրկին կոչ ենք անում ՀՀ ոստիկանությանը և ուժային մյուս կառույցներին՝ չդառնալ հայրենիքը դավաճանած ռեժիմի գերին»:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել