33-ամյա կնոջ սպանություն Արմավիրի մարզում․ ոստիկանների բացահայտումը

ՀՀ ոստիկանությունը հայտնում է․

«Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 21.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին հիվանդանոցից հայտնել են, որ հրազենային վնասվածքին նմանվող վնասվածքով ու քերծվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Էջմիածին քաղաքի 33-ամյա մի բնակչուհու դին։

Բուժհաստատություն մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզեցին, որ կնոջ դին հիվանդանոց է տարվել «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով, որը տեղափոխվեց ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ ՔՈ գլխավոր վարչության, Արմավիրի մարզային վարչության, Վաղարշապատի բաժնի և տարածքային նախաքննական մարմնի ծառայողները, համատեղ միջոցառումներով պարզեցին, որ սպանությունը կատարել է կնոջ դին հիվանդանոց տեղափոխած 34-ամյա տղամարդը։

Դեկտեմբերի լույս 26-ի գիշերը կասկածվողը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին։ Դեպքի վայրում՝ Աղավնատուն գյուղում, հայտնաբերվել են կրակված պարկուճներ, կրակոցի հետք է հայտնաբերվել նաև մեքենայի վրա։ Ձեռնարկվում են միջոցառումներ հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։ Տղամարդը ձերբակալվել է: Սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել