Սյունիքի վարչական տարածքից և Հայաստանի պետական սահմանից անգամ 1 մետր հող չի զիջվել․ Նարեկ Բաբայան

Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը հերքում է լուրերը, թե մարզի Արավուս գյուղի հատվածում հայկական կողմը ադրբեջանական կողմին տարածքներ է զիջել:

Սյունիքի փոխմարզպետն այս մասին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

«Դեկտեմբերի 6-ին կորպուսի հրամանատարի հետ միասին հանդիպել են ադրբեջանական կողմին և քննարկել բնագծերը: Դրանք որոշակի հետ են բերվել, սակայն Լաչինի վարչական տարածքում: Սյունիքի վարչական տարածքից և Հայաստանի պետական սահմանից անգամ 1 մետր հող չի զիջվել»,- նշեց Բաբայանը:

Նրա խոսքով՝ Արավուսի ինքնապաշտպանական ջոկատը Լաչինի վարչական տարածքից հետ է եկել դեպի ՀՀ պետական սահման:

Հիշեցնենք, որ ավելի վաղ փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Սյունիքի մարզի Արավուս գյուղի հատվածում թշնամին հասավ իր նպատակին. գյուղապետի գլխավորությամբ մեր կամավորները նահանջեցին ևս 800 մետր՝ հակառակորդին զիջելով գյուղի պահուստային ֆոնդի հողերը, ներառյալ անչափ կարևոր բարձունքներ, քանի որ միայնակ էին մնացել ադրբեջանցի զինվորականների և նրանց համար նախընտրելի GPS-ի առջև։ Իսկ ոմանք ամեն ինչի գնով կառչել են իշխանությունից՝ օբյեկտիվ տպավորություն ստեղծելով, որ այդ համառության պատճառը մեր երկրի նկատմամբ թուրքի ունեցած նպատակների ամբողջական կենսագործման հեռանկարն է»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել